Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում մարզային ԲՈւՀ-երի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ինստիտուտի կողմից շուրջ 100 անուն գիրք նվիրաբերվեց Շիրակի, Գավառի, Վանաձորի և Իջևանի պետական համալսարաններին, ինչպես նաև «Կաճառ» գիտական կենտրոնին։
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը նշեց, որ նախաձեռնության նպատակն է նպաստել մարզային համալսարանների զարգացմանը, հաստատել նոր կապեր, իրականացնել համատեղ աշխատանքներ, ծրագրեր, կազմակերպել դասախոսություններ։
«Այս աշխատանքը պետք է շարունակական լինի։ Նմանատիպ համագործակցություն ունենք Երևանի պետական համալսարանի, Ռուս-Հայկական համալսարանի, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հետ։ Եվ մեզ համար ռազմավարական քայլ է ընդլայնել այս համագործակցությունը՝ ընդգրկելով մարզային համալսարանները», — ասաց Գոհար Իսկանդարյանը։
Քննարկվեց գիտական ոլորտում հետագա համագործակցության խորացման հեռանկարները։ Մարզային ԲՈւՀ-երի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին՝ ընդգծելով ակադեմիական ինստիտուտի հետ համագործակցության անհրաժեշտությունն ու կարևորությունը։





