ԳլխավորԼուր

Ինչ են կարդացել հուլիսին Երևանի ու մարզերի գրադարաններում

ԱրՊՀ, գրադարան

Հայաստանի գրադարանների ամենաշատ սպասարկված գեղարվեստական գրականության հուլիսյան ցուցակներում հայ և օտարազգի գրողների 78 գիրք կա։ Գրքերից 27-ը հանդիպում են մեկից ավելի գրադարանների ցուցակներում, հայտնում են Հայաստանի ազգային գրադարանից։

«Ինչպես հունիսին, այնպես էլ հուլիսին ամենապահանջված գրքերի տասնյակներում տեղերը բաշխվել են դպրոցականների ամառային ընթերցանության ցուցակների անմիջական ազդեցությամբ։

Գրեթե բոլոր գրադարանների՝ ամենաշատ ընթերցված գրքերի ցուցակներում հայ դասական հեղինակների՝ Դեմիրճյանի, Զորյանի, Բակունցի, Նար-Դոսի, Թոթովենցի գրքերն են:

Նար-Դոսի պատմվածքներն ընդգրկվել են 5 գրադարանների տասնյակներում։ Վախթանգ Անանյանի «Որսորդական պատմվածքները», Բակունցի և Դերենիկ Դեմիրճյանի պատմվածքները ռեկորդային ընթերցանության ցուցանիշներ ունեն Արմավիրի մարզային գրադարանում։

Նախորդ ամիսների պես ամենաընթերցվող հեղինակներն են Ագաթա Քրիստին (ցուցակներում նրա գրքերից 8 անուն կա) և Նարինե Աբգարյանը (3 գիրք)։

Մոտ 10 գրող ներկայացված է երկուական գրքով։ Սրանք այն հեղինակներն են, որոնց գրքերը մշտապես ընդգրկվում են թոփ տասնյակներում։

Իսկ ահա ֆրանսիացի ժամանակակից գրողներ Մյուրիել Բարբերին և Աննա Գավալդան, երիտասարդ ստեղծագործող Ռաֆայել Մարգարյանը, թաթարական ծագմամբ ռուս գրող Գուզել Յախինան և ֆրանսիացի բժիշկ, գրող Ժան-Քրիստոֆ Ռյուֆենը Հայաստանի գրադարանների թոփ-տասնյակում ընդգրկվել են առաջին անգամ»,-հայտնում են Ազգային գրադարանից։