ԳլխավորԼուր

Պակիստանում դպրոցները կփակվեն, բուհերը կանցնեն հեռավար ուսուցման, աշխատանքային շաբաթը կկրճատվի

Դպրոց Պակիստանում

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է երկրում վառելիքի տնտեսման խիստ միջոցների մասին ՝ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության և Պարսից ծոցի երկրներից էներգակիրների մատակարարման հետ կապված սաստկացող խափանումների պատճառով, մարտի 9-ին հայտնել է Pakistan Today պարբերականը։

Ինչպես նախօրեին իր հեռուստատեսային ուղերձում հայտարարել է Շարիֆը, մարտի 18-ից դադարեցվում է Պակիստանի բոլոր դպրոցների աշխատանքը, իսկ երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններն անմիջապես անցնում են հեռավար կրթության ռեժիմի: Բացի այդ, առաջիկա երկու ամիսների ընթացքում պետական գերատեսչություններին ամրացված ավտոմեքենաների համար վառելիքի հատկացումը կկրճատվի 50 տոկոսով, իսկ պետական ավտոպարկի օգտագործումը կկրճատվի 60 տոկոսով:

Իսլամաբադի որոշման համաձայն՝ բենզին խնայելու նպատակով պետծառայողների կեսը նույնպես կանցնի հեռավար աշխատանքային ռեժիմի, իսկ բոլոր պետհաստատությունները կաշխատեն շաբաթական չորս օր:

Պակիստանը մեծապես կախված է ածխաջրածինների ներմուծումից, ինչը նրան հատկապես խոցելի է դարձնում գլոբալ էներգետիկ ճգնաժամերի նկատմամբ: Երկիրը հում նավթի պաշար ունի միայն 10 օրվա համար, իսկ բենզինի և դիզվառելիքի պաշարները կբավականացնեն միայն 20-25 օր։ Ելնելով դրանից՝ Պակիստանի իշխանությունների արտակարգ քայլերն ուղղված են ներքին պահանջարկի կրճատմանը՝ Մերձավոր Արևելքում Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով հրահրված պատերազմի ձգձգման ֆոնին։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews