Այսօր՝ մարտի 20-ին, աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը, ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Այսօր Երևանի ժամանակով 18:46-ին, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից կանցնի հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբը կլինի:
Ի՞նչ է գարնանային գիշերահավասարը
Գարնանային գիշերահավասարը ամենահետաքրքիր աստղագիտական երևույթներից մեկն է։ Համարվում է, որ այդ օրն ցերեկն ու գիշերը հավասար են՝ անկախ աշխարհագրական լայնությունից։ Սակայն դա իրականում այդպես չէ՝ ռեֆրակցիա կոչվող երևույթի պատճառով։
Մարտի 20-ից սկսած կիսագնդերում եղանակները «փոխվում են տեղերով»․ Հյուսիսային կիսագնդում սկսվում է աստղագիտական գարունը, իսկ Հարավայինում՝ աստղագիտական աշունը։ Աստղագիտական գարունը շարունակվում է մինչև ամառային արևադարձը, որը տեղի է ունենում հունիսի 21-ին։
«Մեր ամենասիրված եկեղեցական շարժական տոներից մեկի Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ Զատիկի օրվա հաշվարկը կապված է գարնանային գիշերահավասարի հետ: Ամեն տարի Զատիկի օրը գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնից հետո եկող կիրակին է, և այս տարի այն նշվելու է ապրիլի 5-ին»,-գրել է Ազիզյանը:
Հավելենք, որ գարնանային գիշերահավասարը նաև մշակութային մեծ նշանակություն ունի։ Որոշ երկրներում, մասնավորապես Իրանում, այս օրը համարվում է Նովրուզի՝ Նոր տարվա սկիզբը։ Այդ տոնը գալիս է հնագույն ժամանակներից, կապված է զրադաշտական ավանդույթների հետ և ունի շուրջ 3000 տարվա պատմություն։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



