ԳլխավորԼուր

ԵՊՀ գիտխորհուրդը որոշեց լուծարել Արտասահմանյան գրականության ամբիոնը

ԵՊՀ գիտխորհրդի նիստում

Հունիսի 11-ին կայացել է ԵՊՀ ԳԽ հերթական և 2025-2026 ուսումնական տարվա վերջին նիստը, տեղեկանում ենք ԵՊՀ-ից։

Խորհրդի հաստատմանը ներկայացված օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի «Արտասահմանյան գրականության ամբիոն» գիտական ստորաբաժանման լուծարմանը:

Ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ գիտական խորհրդին զեկուցել է, որ ԵԼՀ ֆակուլտետի անձնակազմի հետ քննարկման արդյունքում որոշվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնել վերոհիշյալ ստորաբաժանման լուծարման հարցը:

Աշխատակիցները կտեղափոխվեն հարակից ամբիոններ ու (ըստ անհրաժեշտության) ֆակուլտետներ՝ պահպանելով իրենց աշխատանքի իրավունքը:

Հավելենք, որ երեկ ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի ղեկավար, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը «Հրապարակ» օրաթերթին հայտնել էր, որ նշված ամբիոնը լուծարվում է։

«Դեկանին տեղեկացրել են, որ առաջիկա գիտական խորհրդին դրվելու է մեր ամբիոնը ցրելու հարցը, և տարբեր ակնարկներով հասկացրել են, որ այդ որոշումը կապված է իմ քաղաքական հայացքների հետ, քանի որ ես ընդդիմադիր եմ, դա է պատճառը: Հարց է առաջանում` ինչպե՞ս է համալսարանն առանց Արտասահմանյան գրականության ամբիոնի շարունակելու իր գործունեությունը: Անգամ ինձ տեղյակ չեն պահել այս մտադրության մասին, սակայն ասել են, որ ես տեղյակ եմ այդ ամենից: Ես որտեղի՞ց պետք է տեղյակ լինեի։ Հավանաբար նրանից, որ ինձ տարբեր օղակներով փոխանցում էին, որ դադարեցնեմ քաղաքականությամբ զբաղվել»,– ասել է Անուշ Սեդրակյանը։

Նշենք, որ Անուշ Սեդրակյանը մասնակցում էր ԱԺ ընտրություններին «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով: Նա Արտասահմանյան գրականության ամբիոնը ղեկավարում է 2021 թվականից։

Ի դեպ, նշված ամբիոնը գրեթե 100 տարեկան է. այն հիմնադրվել է 1929 թվականին։