ԳլխավորԼուր

Հայկական համալսարանը հայտարարում է ընդունելություն

Հայկական համալսարան

Հայկական նախագիծ / Armenian Project գիտակրթական ՀԿ-ն սկսում է ընդունելություն Հայկական համալսարան կրթական ծրագրի 2026-2027 թթ․ ուսումնական տարվա աշնանային հոսքում։ Կրթությունը Հայկական համալսարանում անվճար է։

Հայկական համալսարանը նպատակ ունի

  • ազգային արժեքների և ազգային շահերի գիտահեն ընկալման հիման վրա փոխանցել միջազգայնորեն մրցունակ գիտելիքներ և հմտություններ,
  • նպաստել հայկական շահի տեսանկյունից ինքնուրույն կողմնորոշվելու, ինչպես նաև հասարակական փոփոխություններ իրականացնելու պատրաստ երիտասարդության զարգացմանը։

Դասընթացը նախատեսված է

  • բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողների,
  • ավարտական դասարանների աշակերտների, ինչպես նաև առհասարակ հայկական հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդների,
  • առանձին դեպքերում նաև՝ միջին և ավագ սերնդի ներկայացուցիչների համար։

Հայկական համալսարանի շրջանավարտն ունենալու է

  • քաղաքականությունն ինքնուրույն հասկանալու տեսակիրառական հմտություններ,
  • հասարակագիտական և հումանիտար առաջանցիկ գիտելիքներ,
  • տրամաբանական, փաստարկային և մտածողական այլ հմտություններ,
  • գաղափարակից ընկերների ու գործընկերների ակտիվ շրջանակ,
  • համապատասխան ոլորտների լավագույն մասնագետների հետ համատեղ աշխատելու առիթ և հնարավորություն,
  • ձեռքբերված գիտելիքների և հմտությունների շնորհիվ «Հայկական նախագծի» շրջանակներում հասարակական նշանակության նախագծերի հղացման և իրականացման հնարավորություն,
  • Հայկական համալսարանի աջակցությունն իր ուսումնաաշխատանքային հետագա գործունեության ժամանակ,
  • ավարտական կամ մասնակցության վկայական։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել ընդունելության երկու փուլերը։ Առաջին փուլին մասնակցելու համար հարկավոր է մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ ամբողջությամբ լրացնել մեր պաշտոնական կայքում տեղադրված հայտաձևը։