ԳլխավորԼուր

Ավելի մեծ հարգանք բնության նկատմամբ․ մեկնարկել է Կենսաբազմազանության երիտասարդական գագաթնաժողովը

Քրիստինա Թաթարյանը Կենսաբազմազանության երիտասարդական գագաթնաժողովում

Երևանի պետական համալսարանում այսօր մեկնարկել է Կենսաբազմազանության երիտասարդական համաշխարհային գագաթնաժողովը, որին մասնակցում են 16-35 տարեկան շուրջ 400 երիտասարդ առաջնորդներ՝ 150-ը արտերկրից, 250-ը՝ Հայաստանից, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության գործում երիտասարդ սերնդի մասնակցության և պատասխանատվության կարևորությունը՝ նշելով, որ այսօր ընդունվող որոշումներն անմիջական ազդեցություն են ունենալու ապագա սերունդների կյանքի վրա։ Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել Կենսաբազմազանության երիտասարդական գլոբալ ցանցին (GYBN), Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միությանը և գագաթնաժողովի կազմակերպմանն աջակցած բոլոր գործընկերներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն առանձնահատուկ կարևորել է երիտասարդների դերը կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման գործում՝ ընդգծելով, որ բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը սկսվում է կյանքի արժեքի գիտակցումից։ Նրա խոսքով՝ կենսաբազմազանության պահպանումը վերաբերում է ոչ միայն բուսական և կենդանական աշխարհին, այլև մարդկանց, ընտանիքներին և այն միջավայրին, որտեղ ապրելու և մեծանալու են ապագա սերունդները․

«Այսօր այստեղ քննարկվող հարցերն ու ընդունվող որոշումները կարող են որոշիչ դեր ունենալ այն հարցում, թե ինչպիսի հարաբերություններ ենք ցանկանում ձևավորել բնության հետ՝ ոչ միայն մեզ, այլև մեր երեխաների և ապագա սերունդների համար»։

Նախարարի տեղակալը շեշտել է բնապահպանական կրթության կարևորությունը՝ ընդգծելով, որ այն չպետք է սահմանափակվի դասասենյակներով, այլ պետք է դառնա երիտասարդների առօրյայի և հանրային երկխոսության անբաժանելի մասը։

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը նշել է՝ երիտասարդների մոբիլիզացումը պարզապես ցանկալի երևույթ չէ, այլ բացարձակ անհրաժեշտություն:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ համալսարանի նախաձեռնությամբ ստեղծվել է Հայաստանի բուհերի կենսաբազմազանության կոալիցիան, որը միավորում է 15 բուհերի գիտակրթական ներուժը։ COP17-ի կանաչ գոտում համալսարանները կներկայացնեն իրենց հետազոտությունները, նորարարական լուծումներն ու բնության պահպանությանն ուղղված նախաձեռնությունները՝ այցելուներին հրավիրելով բացահայտելու կենսաբազմազանությունն ու գիտության հնարավորությունները։

Երկօրյա գագաթնաժողովի ընթացքում մասնակիցները կքննարկեն կենսաբազմազանության պահպանության գործում երիտասարդների դերը, կփոխանակվեն փորձով, կներկայացնեն իրենց նախաձեռնություններն ու գաղափարները, ինչպես նաև կնախապատրաստվեն Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) քննարկումներին ակտիվ մասնակցությանը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews