ԳլխավորԼուր

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հայտնի են հաղթողները

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը

Ամփոփվել է 2025 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

2025 թ. «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթում ընդհանուր առմամբ ներկայացվել է 151 հայտ, որը 2.5 անգամ ավելի է 2024 թվականին ներկայացված հայտերի քանակից (2024թ.-ին՝ 60 հայտ, 2023թ.-ին՝ 66 հայտ)։ Ներկայացված 151 հայտերից հաստատվել է 135-ը: Մրցութային 135 հայտից 92 հայտը ներկայացվել է անհատական, իսկ 41-ը՝ խմբային ձևաչափով։ Ընդ որում՝ խմբային ներկայացված հայտերից 16-ի դեպքում նախագծերի ղեկավարները դպրոցների ուսուցիչներ են եղել։ Մրցութային 135 հայտի 44.5 տոկոսը ներկայացվել է աշակերտների կողմից (60 հայտ), 33.3 տոկոսը՝ տարբեր ոլորտների աշխատակիցների կողմից (45 հայտ), 22.2 տոկոսը՝ ուսանողների կողմից (30 հայտ)։

Մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի համատեղ որոշմամբ 5 անվանակարգերում հաղթող նախագծերն են՝

  • «Բնական և ճշգրիտ գիտություններ»՝ Մարիամ Հարությունյան, «Ամինոթթվային նոր բիֆոսֆոնատների սինթեզ հակառեզորբցիոն ակտիվությամբ դեղապատրաստուկների մշակման նպատակով»
  • «Ազգային անվտանգություն և ռազմական գիտություններ»՝ Ազնիվ Խուդաթյան և Արիանե Լուսինյան, «Cyber Shield Armenia-Կիբեռանվտանգության ազգային հարթակ (CSA)»
  • «Տեխնոլոգիաներ և նորարարություններ»՝ Արարատ Բայանդուրյան, Գրիգոր Խոջայան, Մանե Հակոբյան, Շահեն Արաբաչյան, «Գազատար խողովակի գազի արտահոսք հայտնաբերող ռոբոտ»
  • «Մարդասիրություն և սոցիալական գիտություններ»՝ Նարեկ Մաթևոսյան, Հովսեփ Հովսեփյան, Սերգեյ Ռստակյան, Կամիլլա Ոսկանյան, «Սովորում ենք խաղալով»
  • «Կանաչ տնտեսություն և տեխնոլոգիաներ»՝ Մարկ Մակյան, Նարեկ Ծաղիկյան, Խաչատուր Բդոյան, Արփի Հաջյան, «AeroLink Technologies»

«Կանաչ տնտեսություն և տեխնոլոգիաներ» անվանակարգում երկու հայտ հավաքել է հավասար միավորներ և կազմկոմիտեի անդամ հանդիսացող ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, պատրաստակամություն է հայտնել հավասար միավորներ հավաքած մյուս նախագծին ևս տրամադրել 500 հազար դրամ խրախուսում: Այս անվանակարգում հաղթած երկրորդ նախագիծն է՝ «Մեղրամոմե բուժիչ վիրակապեր», Միլենա Առաքելյան, Սյուզի Մելիքյան, Սպարտակ Սաքարյան, Դիանա Եգորյան։