ԳլխավորԼուր

Ձեր անունով «Ազարյանական խաչը» մինչ օրս ակնածանքի առարկա է. Կարեն Գիլոյանը շնորհավորել է լեգենդար մարզիկին

Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ալբերտ Ազարյանն այսօր նշում է ծննդյան 93-ամյակը: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր այցելել է Ալբերտ Ազարյանի անունը կրող Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց և շնորհավորել լեգենդար մարզիկին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ անգնահատելի է Ալբերտ Ազարյանի ներդրումը հայկական մարմնամարզության զարգացման և աշխարհին մեր երկիրը ներկայացնելու գործում. «Դուք իսկապես լեգենդ եք և բացառիկ օրինակ՝ թե՛ որպես անհատականություն և թե՛ որպես մարզիկ, իսկ Ձեր անունով «Ազարյանական խաչը» մինչ օրս աշխարհի մարմնամարզիկների ակնածանքի առարկա է: Շնորհավորում եմ ծննդյան օրվա առթիվ, մաղթում քաջառողջություն և երկարակեցություն»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև վստահություն է հայտնել, որ ազարյանական դպրոցը կշարունակի իր դերն ունենալ հայկական սպորտում հաղթանակների կերտման ճանապարհին: