ԳլխավորԼուր

Սպենդիարյանը՝ ազգային արժեք. կոմպոզիտորի 150-ամյակն է

Մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանի առթիվ նոյեմբերի 1-ին մշակույթի մի խումբ գործիչներ, պաշտոնյաներ, երաժշտասերներ ծաղիկներ խոնարհեցին կոմպոզիտորի շիրիմին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում կոմպոզիտորին նվիրաված ֆլեշմոբ անցկացվեց. Հայաստանի պարի պետական անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարը Էրիկ Չանչուրյանն է, պարային համար նվիրեց հեղինակին, իսկ օպերային թատրոնի ճեմասրահում թատրոնի արտիստները կատարեցին Սպենդիարյանի տեղծագործությունները: Միջոցառման ընթացքում Կենտրոնական բանկի կողմից Սպենդիարյանի տուն-թանգարանին հնաձնվեց հայ մեծ դասականի 150-ամյակի հոբելյանական հուշադրամը:

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի խոսքով՝ նոյեմբերի 1-ին ոչ միայն Հայաստանը, այլև աշխարհն է տոնում Սպենդիարյանի 150-ամյակը: Նա հայտնեց, որ ժամը 13:00-ին Հայաստանում և Արցախում հայտարարված է «Սպենդիարյանական ժամ», որի շրջանակում մշակութային, ժամանցային մի շարք հաստատություններում, օդանավակայանում, մետրոպոլիտենում հնչելու է Սպենդիարյանի անմահ երաժշտությունը:

Միջոցառումն իրականացվեց Ալ.Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, կոմպոզիտորի տուն-թանգարանի և Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի նախաձեռնությամբ:

Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ճեմասրահում էլ բոլորին դիմավորել է Սպենդիարյանի երաժշտությունը:

Comment here