ԳլխավորԽճանկար

Ուներ տիկնիկների հավաքածու, գուրման էր. 8 անհայտ փաստ` Արամ Խաչատրյանի կյանքից

Արամ Խաչատրյանը շան՝ Լյադոյի հետ

Այսօր կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակն է, և այս հոբելյանի առթիվ Usanogh.am-ը ներկայացնում է 8 անհայտ կամ քչերին հայտնի փաստ մաեստրոյի կյանքից, ինչպես նաև`բացառիկ լուսանկարներ:

Եթե ոչ երաժշտությունը, գուցե թատրոնը նրան կլաներ

Ավագ եղբոր՝ Սուրենի և նրա ընտանիքի հետ
Ավագ եղբոր՝ Սուրենի և նրա ընտանիքի հետ

Արամ Խաչատրյանն ինքը բազմիցս խոստովանել է, որ եթե երաժշտությունն իրեն ամբողջապես չկլաներ, միգուցե դառնար թատրոնի դերասան: Դեռևս 20-ական թվականներից, երբ առաջին քայլերն էր անում երաժշտական աշխարհում, կոմպոզիտորը ստեղծում էր երաժշտություն թատերական տարբեր բեմադրությունների համար: Եղբոր` Սուրենի միջոցով, որին Խաչատրյանը համարում էր իր հոգևոր հայրը, նա ծանոթացել էր թատերական այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են Ստանիսլավսկին, Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն, Ռուբեն Սիմոնովը, Եվգենի Վախթանգովը: Նրանցից ոմանք բավական մտերմիկ հարաբերությունների մեջ էին Սուրենի հետ և անգամ հյուրընկալվում էին Մոսկվայի նրա բնակարանում:

Խաչատրյանը գուրման էր և էսթետ

Քչերը գիտեն, որ կոմպոզիտորը շատ էր սիրում համեղ ուտել, բայց նաև դա անում էր գերագույն էսթետիզմով: Դրա հետ կապված կա հետաքրքիր մի պատմություն: 1977-ին, երբ Խաչատրյանն այցելում է Լոնդոն և հյուրընկալվում է հայ համայնքի ատենապետի տանը, մասնակցում է հյուրասիրության, նրա կնոջը խնդրում է գոգնոց բերել: Երբ տիկինը բերում է այն, Խաչատրյանը խնդրում է, որ ավելի մեծը բերի: Ի վերջո, տիկին Սևան Գրիգորյանը բերում է իր ձեռքով ասեղնագործած սփռոցը, որը մաեստրոն օգտագործում է որպես գոգնոց:

Լոնդոնում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Լոնդոնում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Խաչատրյանը մեծ հումանիստ էր

Նա շատ էր սիրում ընդունել հյուրեր, կլինեին դրանք մեծանուն մարդիկ, թե պարզապես իր արվեստի երկրպագուներ: Խաչատրյանը մշտապես փորձում էր կապ պահել մարդկանց հետ, որոնք հետաքրքրված էին իր արվեստով: Պահպանվել են նամակներ, որտեղ անծանոթ մարդիկ դիմել են մաեստրոյին տարբեր, հաճախ` ամենակենցաղային բնույթի խնդրանքներով, և նա օգնել է բոլորին: Խաչատրյանը կարող էր համերգից հետո կանչել իր նվագախմբի որևէ երաժիշտի, որն, ասենք, հաջող էր նվագում սոլո հատվածը և հարցնել. «Ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել»: Կոմպոզիտորին դիմել են անգամ բնակարան ստանալու խնդրանքով, և նա միջնորդել է, որ այդ հարցը լուծվի:

Հետևում էր նորաձևությանը

Եթե մեկ հայացք էլ նետելու լինեք մաեստրոյի լուսանկարներին, կնկատեք, թե որքան խնամքով է նա հագնված, ունի հագուստի` իրեն բնորոշ դասական ոճ, էլեգանտ է և ազդեցիկ: Պարզվում է` նա հետաքրքրվում էր նորաձևությամբ, սիրում էր գեղեցիկ հագնվել: Ուներ այն ժամանակների համար առանձնակի շքեղություն համարվող «Քրիստիան Դիոր» օծանելիք:

Առանձնահատուկ սիրով էր սիրում երեխաներին

Խաչատրյանը մեծ ջերմությամբ էր վերաբերվում երեխաներին: Առաջին ամուսնությունից ուներ դուստր` Նունեն, երկրորդ ամուսնությունից որդի` Կարենը: Մանկական երգերի իր ալբոմում կոմպոզիտորը մի քանի ստեղծագործություն ունի` նվիրված դստերը, որդուն, ինչպես նաև զարմիկին: Եվ պատահական չէ, որ նրա կինը` Նինա Մակարովան, տարբեր առիթներով ասել է. «Арам-большой ребенок»:

Ուներ տիկնիկների հավաքածու

Մտերիմները գիտեին, որ Խաչատրյանն առանձնահատուկ հետաքրքրություն ուներ տիկնիկների հանդեպ և անգամ ուներ հավաքածու: Որևէ երկրից վերադառնալիս նրա հարազատները մշտապես հաճելի անակնկալ էին մատուցում կոմպոզիտորին` իրենց հետ բերելով տվյալ երկրի համար խորհրդանշական մի տիկնիկ` որպես թանկագին հուշանվեր:

Սիրում էր շրջագայել, հանդիպել է նշանավորների հետ

Արամ Խաչատրյանը Բելգիայի թագուհի Ելիզավետայի հետ
Արամ Խաչատրյանը Բելգիայի թագուհի Ելիզավետայի հետ

Արամ Խաչատրյանը համարում էր, որ ունի առաքելություն` տարբեր երկրներում ներկայացնել հայ արվեստն ու մշակույթը, բայց միևնույն ժամանակ ինքն էլ առիթը բաց չէր թողնում ծանոթանալու այլ երկրների մարդկանց ու նիստուկացին: Ուշագրավ է, որ նա եղել է ԽՍՀՄ առաջին քաղաքացին, որը հանդիպել է Հռոմի Պապ Հովհաննես 23-րդին, 30 րոպե զրուցել նրա հետ (1963-ին, երբ չկային դիվանագիտական հարաբերություններ Խորհրդային Միության և Վատիկանի միջև):

Իսկ երբ Խաչատրյանն այցելել է Իրան, նրա համերգին ներկա է եղել ինքը` Իրանի Ռեզա շահ Փահլավին`տիկնոջ հետ, որը մեծ հյուրասիրություն է կազմակերպել մաեստրոյի պատվին: Խաչատրյանին ընդունել է նաև Բելգիայի թագուհի Ելիզավետան: Առհասարակ, նրան հյուրընկալել են մի շարք երկրների առաջին դեմքեր: Խաչատրյանը ծանոթ է եղել նաև Չարլի Չապլինի, Էռնեստ Հեմինգուեյի և շատ այլ մեծությունների հետ:

Խաչատրյանը նաև կենդանասեր էր

Արամ Խաչատրյանին նվիրել էին շնիկ` թագավորական պուդել, որին նա անվանել էր Լյադո` «լյա» և «դո» նոտաների անունով: Նույնիսկ մանկական երգերի իր ալբոմում կոմպոզիտորն ունի ստեղծագործություն` նվիրված շնիկին, այն կոչվում է. «Լյադոն հիվանդացել է»: Բացի շնիկից, Խաչատրյանն ուներ նաև կատու, և, առհասարակ, մեծ սեր էր տածում կենդանիների նկատմամբ:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Արամ Խաչատրյանն ու Հռոմի Պապ Հովհաննես 23-րդը
Արամ Խաչատրյանն ու Հռոմի Պապ Հովհաննես 23-րդը

 

Արամ Խաչատրյանի տիկնիկների հավաքածուից
Արամ Խաչատրյանի տիկնիկների հավաքածուից