ԳլխավորԼուր

Ամառային զորակոչը երկարաձգվեց մինչև օգոստոսի 15-ը

ՀՀ–ում ամառային զորակոչը երկարաձգվեց մինչև օգոստոսի 15–ը։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

ՀՀ արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը հայտարարված է 2025 թ. ապրիլի 21–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալ, և զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվելու էր 2025 թ. հունիսի 23–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալ։

ՀՀ պաշտպանության նախարարությունից, սակայն, նշել են, որ 2025 թ. ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտման հավելյալ ծավալները հաշվի առնելով` հուլիսի 31-ի դրությամբ հնարավոր չի լինելու ավարտել քաղաքացիների պատշաճ փորձաքննությունը և դրանց արդյունքներով զորակոչի ենթակա կամ ոչ ենթակա լինելու հանգամանքի որոշման գործընթացը: