Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Կաթողիկոսը հանդիպել է վիրավորում ստացած ու Վիեննայում բուժվող զինվորների հետ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր՝ օգոստոսի 21-ին, Վիեննայում հանդիպում ունեցավ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած զինվորների և նրանց ընտանիքների անդամների հետ, որոնք ս․թ․ ապրիլից Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի օրհնությամբ և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության հրավերով իրենց բուժումն են ստանում Ավստրիայի Կաթոլիկ Եկեղեցու հովանու ներքո գործող բարձրակարգ բժշկական հաստատություններում։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Վեհափառ Հայրապետը հայրական իր օրհնությունը բերեց քաջարի զինվորներին և նրանց ընտանիքներին, ծանոթացավ վերջիններիս բուժման և պրոթեզավորման ընթացքին։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ տեղեկացավ, որ ծանր վիրավորում ստացած զինվորներից երկուսը բարեհաջող վիրահատություններից, վերջույթների պրոթեզավորումից և վերականգնողական թերապիայից հետո արդեն վերադարձել են Հայաստան։

Վեհափառն իր խոսքում ընդգծեց, որ Մայր Աթոռ Ս․ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով մշտապես եղել և մնում է Հայոց բանակի, հայ զինվորի և նրանց ընտանիքների կողքին։ Հանդիպման ժամանակ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթք բարձրացրեց մեր բոլոր վիրավոր զինվորների համար՝ մաղթելով նրանց շուտափույթ ապաքինում, ոգու ամրություն և Աստուծո օգնականություն։

Այս առիթով Վեհափառ Հայրապետը հայրական իր գնահատանքը բերեց Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տիրան Եպս․ Պետրոսյանին և Ավստրիայի հայ համայնքի անդամներին հիշյալ ծրագիրը կյանքի կոչելու և վիրավոր զինվորների հանդեպ հոգատար վերաբերմունքի համար։

Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև, որ հանդիպում է ունեցել Ավստրիայի Կարդինալ և Վիեննայի Արքեպիսկոպոս Քրիստոֆ Շյոնբոռնի հետ և նրան փոխանցել իր ջերմ շնորհակալությունը վիրավոր մեր զինվորների հանդեպ հայրական հոգածության և խնամքի համար։

Հավելենք, որ այսօր Ամենայն հայոց կաթողիկոսի 70-ամյակն է։

Comment here