ԳլխավորԼուր

Մեր ամենամեծ մարտահրավերներից մեկը դասավանդողների վախն է արհեստական բանականությունից. մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը

Մեդիագրագիտության շաբաթ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այսօր մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը՝ «Մեդիագրագիտությունն արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով։ Միջոցառումն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը. այն կտևի նոյեմբերի 4-10-ը:

«Մեդիագրագիտության շաբաթ» միջոցառման մեկնարկի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Արհեստական բանականության պատասխանատու օգտագործումը կրթության մեջ» խորագրով պանելային քննարկմանը։

Թեմայի շրջանակում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է հիմնական մարտահրավերներին ու անելիքներին․

«Հաշվի առնելով տեխնոլոգիական արագընթաց զարգացումը, արհեստական բանականության առկայությունը, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են ունենում երեխաների զարգացման վրա, ակնհայտ է, որ ժամանակակից դպրոցը շատ մարտահրավերային պայմաններում է գործում: Բարդ է պահպանել կրթության կազմակերպման ավանդական ձևերը, և միաժամանակ կրթական գործընթացում ներառել մերօրյա տեխնոլոգիական զարգացումներն առանց խոչընդոտների՝ պահպանելով հետաքրքրությունն ուսումնական գործընթացի նկատմամբ: Մեդիագրագիտության անբեկանելի պահանջը ժամանակակից մարդու պարտադիր կարողունակությունն է, որը օգնում է ճիշտ կազմակերպել գործունեության ձևերը տարբեր ոլորտներում:

Հենց այստեղ է, որ դպրոցը շատ անելիքներ ունի՝ սովորողների մոտ ձևավորել մեդիագրագիտության ճիշտ հմտություններ և կարողություններ՝ հավաստի աղբյուրներից օգտվելու, անհրաժեշտ տեղեկությունը ստուգելու, կեղծն ու իրականը տարբերելու նպատակով: Սրան գալիս են աջակցելու մի շարք գործընթացներ․ մասնավորապես՝ հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում երկրորդ դասարանից ներդրվել է «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան, որի կարևոր բաղադրիչներից մեկը մեդիագրագիտությանն ուղղված թեման է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ այլ առարկաների, վերառարկայական գործընթացների շրջանակում ևս ուսումնասիրվում է մեդիագրագիտությունը՝ հնարավորություն տալով զարգացնելու սովորողների այն կարողությունները, որոնք բացում են աշխարհաճանաչողության լայն դռները:

Արաքսիա Սվաջյանը՝ մեդիագրագիտության շաբաթվա պանելային քննարկման ժամանակ

Որպես թեմայի կարևոր հավելում՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ ոչ պակաս կարևոր է դասավանդողների կարողությունների զարգացումը թե՛ մեդիագրագիտության, թե արհեստական բանականության կիրառման համատեքստում:

«Մեր ամենամեծ մարտահրավերներից մեկը դասավանդողների վախն է արհեստական բանականությունից: Մեր խնդիրն է սովորեցնել նրանց ուսումնական գործընթացում ճիշտ կիրառել արհեստական բանականության ֆունկցիոնալությունը, որպեսզի այն ծառայի կրթական հնարավորություններին, ոչ թե խանգարի դրա առաջընթացին»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նա ասել է, որ արհեստական բանականությունն ուսումնական գործընթացում ոչ միայն կիրառվում է որպես գործիք, այլև ուսումնասիրվում են դրա որոշակի բաղադրիչներ: Այս համատեքստում հանրապետության 15 դպրոցում ավագ դասարանի 500 աշակերտ արհեստական բանականությունն առավել խորքային ուսումնասիրելու հնարավորություն ունի: Արաքսիա Սվաջյանի գնահատմամբ՝ այս գործընթացի շրջանակում ավելի մեծ թվով աշակերտներ և ուսուցիչներ են հետաքրքրվում արհեստական բանականությամբ, ինչն արդեն իսկ դրական տեղաշարժ է այս ուղղությամբ:

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ բուհերի, պատասխանատու կառույցների ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ:

Նշենք, որ «Մեդիագրագիտության շաբաթ» միջոցառման շրջանակում ողջ շաբաթվա ընթացքում նախատեսված են վարպետության դասեր, հանդիպումներ և դասընթացներ գրադարաններում, համալսարաններում և դպրոցներում, նոր գրքերի և ձեռնարկների շնորհանդեսներ, մարզային հանդիպում-քննարկումներ ոլորտի փորձագետների և լրագրողների հետ և այլն: