ԳլխավորԼուր

«Արմեդ» համակարգում անձնական տվյալների գաղտնիությունն ապահովված է. ԱՆ

COVID-19-ով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ» հավելվածում արտածվում է կարմիր «QR» կոդով, և նրա վարակված լինելու ամբողջ ժամանակահատվածում բոլոր կանաչ «QR» կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո դրանք նորից կկանաչեն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Առողջապահության նախարարությունը։

Նշվում է նաև, որ հանրային վայրեր այցելելիս, ըստ կարգի, «Արմեդ» հավելվածից «QR» կոդի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է անձի մուտքը թույլատրելու համար, «QR» կոդը սկանավորելու կարիք չկա, բայց սկանավորելու պարագայում, քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար, անձնական էջում ներառված տվյալները փակ կլինեն` բացի անուն-ազգանունից:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ից Հայաստանում ուժի մեջ են մտել Covid-ի նոր սահմանափակումները։ Այսուհետ հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցներ, մարզադահլիճներ, գրադարաններ, թանգարաններ, թատրոններ, համերգային և կինոդահլիճներ մուտքը թույլատրվում է միայն պատվաստված կամ վերջին 72 ժամում ՊՇՌ թեստ ներկայացնող քաղաքացիների համար։