ԳլխավորԼուր

Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Ռոմայից»

Իտալական «Ռոմա»-ն չի երկարաձգի պայմանագիրը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, տեղեկացնում է La Repubblica-ն:

Հայ կիսապաշտպանը պայմանագրի ավարտից հետո ձեռք կբերի ազատ գործակալի կարգավիճակ և կկարողանա առանց վճարի տեղափոխվել այլ թիմ: Ըստ պարբերականի, նման որոշման պատճառը նաև Մխիթարյանի` տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձն է:

Տեղեկանք. Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: Նրա  դեբյուտը հավաքականում կայացել է 2007 թվականի հունվարին:

Մխիթարյանը հանդես է եկել Եվրոպայի լավագույն լիգաներում, եղել է «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» (2016-2018) ֆուտբոլիստ:

2017 թվականի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Եվրոպայի լիգայի եզրափակիչում գոլ է խփել՝ դրանով իսկ դառնալով եվրոպական խոշոր գավաթ նվաճած առաջին հայ ֆուտբոլիստը։

2013-2016 թվականներին հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում և 2015-2016թթ․ մրցաշրջանում ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ՝ 52 հանդիպումներում դառնալով 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ։

Խաղացել է Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) և Դոնեցկի «Մետալուրգում» (2009–2010)։ «Փյունիկում» (1995-2006) խաղալուն զուգահեռ Մխիթարյանը հանդես է եկել նախ երկրի երիտասարդական հավաքականում, իսկ 17 տարեկանում՝ արդեն մեծահասակների հավաքականում որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։

ՀՀ նախագահի կողմից ստացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար առաջին աստիճանի շքանշան և 10 անգամ ճանաչվել է «Տարվա լավագույն հայ ֆուտբոլիստ»։

Տիրապետում է 7 լեզվի (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն,  պորտուգալերեն և իտալերեն):

Հենրիխն ավարտել է  Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Սանկտ Պետերբուրգի Արտաքին տնտեսական կապերի ինստիտուտի երևանյան մասնաճյուղը։