ԳլխավորԼուր

Մեր փրկությունն ազգային համաձայնությունն ու միասնականությունն են. նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել 1988թ․ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ։

«Սիրելի՛ գյումրեցիներ, սպիտակցիներ, վանաձորցիներ, ստեփանավանցիներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր 1988թ․ երկրաշարժի զոհերի հիշատալի օրն է։

32 տարի առաջ ավերիչ երկրաշարժին զոհ գնացած մեր բազմահազար հայրենակիցների հիշատակն այս տարի ոգեկոչում ենք ևս մեկ ցավ ունենալով մեր հոգում։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ունենք մեծաթիվ մարդկային կորուստներ, կորցրել ենք նաև Արցախի տարածքի մի մասը։ Ի հետևանք՝ երկրում առկա է բազմաշերտ ճգնաժամ՝ բարոյահոգեբանականից, առողջապահականից մինչև սոցիալ-տնտեսական։

Եւս մեկ անգամ իմ ցավակցությունն ու աջակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ապաքինում:

Նույնիսկ այս վիճակում մենք իրավունք չունենք հուսահատվել։ Պետք է ամեն ինչ անենք, որ ապաքինվեն երկրաշարժի վերքերը, ավելի շատ ջանք ու եռանդ ուղղենք մեր քաղաքների ու գյուղերի վերականգնմանն ու զարգացմանը:

Երկրաշարժի ու այսօրվա պատերազմի հետևանքներին ու պատճառված ցավին այս օրերին ավելացել է ներքաղաքական անհանգիստ վիճակը մեր երկրում։ Այստեղ էլ մենք հուսահատվելու և հույզերին տրվելու իրավունք չունենք։

Մեր փրկությունն ազգային համաձայնությունն ու միասնականությունն են։ Վստահաբար, դրա շնորհիվ էր, որ կարողացանք հառնել 1988-ի երկրաշարժի ավերակներից և այսօր էլ պարտավոր ենք համախմբված դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Հանուն մեր հերոսների, որ նահատակվել են վերջին պատերազմում, հանուն մեր այն հայրենակիցների, որ զոհ գնացին 1988-ի երկրաշարժին։

Խոնարհվում եմ նրանց բոլորի հիշատակի առջև, առողջություն, տոկունություն ու հաստատակամություն եմ մաղթում նրանց ընտանիքներին ու բոլորիդ, և խաղաղություն ու բարգավաճում մեր երկրին»։

Հիշեցնենք, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում գրանցված երկրաշարժի հետևանքով, պաշտոնական տվյալներով, զոհվել է 25 հազար մարդ, 140 հազարը հաշմանդամ է դարձել, ավելի քան 500 հազարը զրկվել է տնից։

Արցախյան վերջին պատերազմում, ըստ ոչ պաշտոնական տվյալների, հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անուններ։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների մասին պաշտոնական տվյալներ չկան։

Comment here