ԳլխավորԼուր

«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ». Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է

Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Օրվա շրջանակում «Իմ Ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում «Աուտիզմ» ազգային հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Միջոցառումը կրել է «Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ» խորագիրը՝ փոխանցելով ընդունման, ներառականության, հավասարության և յուրաքանչյուր մարդու՝ հասարակության լիարժեք անդամ լինելու իրավունքի կարևոր ուղերձը։

Օրվա շրջանակում կազմակերպվել է ցուցահանդես-վաճառք, որի ընթացքում ներկայացվել են «Իմ ուղին» կենտրոնի սաների ստեղծագործությունները՝ գեղանկարչություն, դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքներ: Հաստատության սաները հայտնի երաժիշտների հետ հանդես են եկել նաև համերգային կատարումներով՝ արվեստը դարձնելով հավասար հնարավորությունների և փոխըմբռնման լեզու։

Հավաքագրված ողջ հասույթը կուղղվի կենտրոնի սաների տրանսպորտային ծախսերի ապահովմանը։ Կարևոր է ընդգծել, որ կենտրոնի բոլոր սաները ստանում են անվճար թերապիաներ և անհրաժեշտ այլ ծառայությունները։

Միջոցառմանը մասնակցել է նաև TherapyLake հայ-ամերիկյան ընկերությունը, որը շուրջ 5 տարի զբաղվում է աուտիզմի ոլորտին ուղղված ծրագրային ապահովմամբ և թվայնացմամբ։

Միջոցառումը կազմակերպել են «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ն և ծրագրի գործընկեր «Side by Side» ներառական կրթական հասարակական կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Մշակույթն իմ ուղին» ծրագրի շրջանակում:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews