ԳլխավորԼուր

Անգլիական ընտանիքը քաղաքային իշխանություններից 7000 ֆունտ ստեռլինգ կստանա՝ իրենց որդու կրթության իրավունքը խախտելու համար

Անգլիական ընտանիքը ավելի քան 7000 ֆունտ ստեռլինգ փոխհատուցում է ստացել այն բանից հետո, երբ որոշվել է, որ Լիդսի քաղաքային խորհուրդը «կորցրել է վերահսկողությունը» նրանց որդու կրթության նկատմամբ, հայտնում է BBC-ն:

Տղան, ով տառապում է աուտիզմով և հոգեկան առողջության հետ կապված խնդիրներով, 2019-ին կտրվել էր հիմնական կրթությունից և չորս կիսամյակների ընթացքում մնացել էր առանց համապատասխան կրթության, նշված է տեղական ինքնավարության և սոցիալական ապահովության օմբուդսմենի զեկույցում:

Քննության ընթացքում բացահայտվել են մի շարք թերություններ պետական մարմինների կողմից։

Զեկույցում նկարագրվում է, թե ինչպես են աշակերտի ծնողները ցանկացել, որ նա հաճախի բարդ կարիքներ ունեցող երեխաների մասնագիտացված դպրոց Ռիչմոնդ Հիլում, սակայն մինչև 2023 թվականի սեպտեմբերը թափուր տեղեր չեն եղել:

Չնայած ընտանիքին տեղեր են առաջարկվել քաղաքի այլ մասերում գտնվող նմանատիպ դպրոցներում, դրանք մերժվել են տրանսպորտային խնդիրների պատճառով, ասվում է հաղորդագրության մեջ:

Այս ժամանակահատվածում քաղաքային խորհուրդը ի սկզբանե հրաժարվել է երեխային տնային դաստիարակ տրամադրել այն հիմքով, որ նրան դպրոցում «հարմար» տեղ է առաջարկվել:

Չնայած խորհուրդն ի  վերջո համաձայնել է ֆինանսավորել տնային դաստիարակի ծառայությունները, սակայն, ըստ զեկույցի, չի կատարել իր խոստումն ու մինչև 2022 թվականի հուլիսը՝ յոթ ամիս անց, աջակցությունն ու ֆինանսավորումը դեռ բացակայում էին:

Լիդսի քաղաքային խորհուրդը ներողություն է խնդրել կրթության, առողջապահության և երեխաների խնամքի (EHCP) ծրագրի վերանայման հետաձգման համար և ասել, որ համաճարակից հետո ծրագրի գծով հարցումների քանակը կտրուկ աճել է:

Օմբուդսմենը խորհուրդ է տվել ընտանիքին վճարել 7200 ֆունտ ստեռլինգ փոխհատուցում։

Լիդսի խորհուրդն ընդունել էՄԻՊ զեկույցում տեղ գտած հետևությունները և ներողություն է խնդրել ընտանիքից՝ ընդգծելով, որ ամեն ինչ անում է՝ Լիդսում ապրող բոլոր երեխաներին որակյալ և պատշաճ կրթություն ապահովելու համար։