ԳլխավորԼուր

«Այբ» դպրոցը նոր գործադիր տնօրեն ունի

«Այբ» դպրոցի Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն է նշանակվել Դավիթ Սահակյանը։ Նա պաշտոնը կստանձնի 2020 թ․ օգոստոսի 20-ից։

Մինչ այդ կշարունակի պաշտոնավարել դպրոցի ներկայիս գործադիր տնօրեն Արամ Փախչանյանը։ Դպրոցն ու ամբողջ «Այբ» համայնքը խորին շնորհակալություն է հայտնում Ա. Փախչանյանին 6 տարվա անձնվեր աշխատանքի, հոգատարության ու նվիրվածության համար։

«Այբ» դպրոցի տնօրենի ընտրության մրցույթին մասնակցել է 150 թեկնածու։ Գործադիր տնօրենի ընտրությունը կատարվել է դեմառդեմ հանդիպումների և հարցազրույցի փուլերի արդյունքներվ։ Գործադիր տնօրենը գործում է դպրոցի հոգաբարձուների խորհրդի (ՀԽ) անմիջական ենթակայությամբ։

Դավիթ Սահակյանը 2006-ից կանգնած է «Այբ» կրթական հիմնադրամի ստեղծման ակունքներում, եղել է հիմնադրամի ծրագրերի տնօրեն, ղեկավարել «Այբ» ավագ դպրոցի ստեղծման ծրագիրը։

2009 -2016 թթ. եղել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենը։ 2011-2014 թթ. համատեղել է նաև «Այբ» դպրոցի գործադիր տնօրենի պաշտոնը։ 2016-2018 թթ․ պաշտոնավարել է որպես ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ։ 2018 թվականից զբաղեցրել է «Այբ» դպրոցի գործառնական տնօրենի պաշտոնը։

Տարբեր տարիների հանդիսացել է «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Հանդիսանում է «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Comment here