ԳլխավորԽճանկար

«Եկե՛ք, և մենք միասին կպայքարենք վարակների դեմ»

ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի 3-րդ կուրսի օրդինատոր, «Նորք ինֆեկցիոն» կլինիկական հիվանդանոցի վարակաբան Լենա Նազարյանն այն բժիշկներից է, որը վարակաբանի մասնագիտությունն ընտրել է գիտակցաբար՝ վստահ լինելով, որ ցանկացած համավարակի ժամանակ լինելու է առաջնագծում, նշված է ԵՊԲՀ ֆեյսբուքյան էջում: «Դեռ փոքր տարիքից երազել եմ բժիշկ դառնալու մասին: Հիշում եմ՝ շարադրություն էի գրել, որ բժիշկ եմ դառնալու, որպեսզի զինվորներն ալևս չմահանան: Բուհի ավարտական քննություններից հետո ունեի նախընտրած մի քանի մասնագիտություններ, բայց ընտրեցի հենց վարակաբանի մասնագիտացումը»,- հիշում է օրդինատորը՝ ավելացնելով, որ մասնագիտության հանդեպ հետաքրքրությունն առաջացել է հենց ուսանողական տարիներին:
Լենա Նազարյանը վարակաբանի մասնագիտությունն ընտրելիս, իհարկե, արդեն գիտեր, որ համաճարակների դեպքում լինելու է առաջնագծում՝ բժիշկ-գործընկերների կողքին, բայց չէր մտածում, որ այդ ամենն իրեն կվիճակվի օրդինատուրայում սովորելու ընթացքում, և ինքը կհայտնվի համավարակի դեմ պայքարի էպիկենտրոնում:

Խոսելով խոչընդոտների մասին՝ սովորողը նշում է. «Դժվարություններ շատ են եղել, թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական, և թե՛ մասնագիտական առումով, բայց համավարակը հաղթահարելու հույսը, անասելի ուժ է տվել: Բոլորս դարձել էինք մի ընտանիք՝ նույն գաղափարի շուրջ համախմբված»:

Այն ապագա բժիշկներին, որոնք որոշել են ընտրել վարակաբանի մասնագիտությունը, սովորողը վստահեցնում է՝ մասնագիտական ճիշտ ուղի են ընտրել. «Եկե՛ք, և մենք միասին կպայքարենք վարակների դեմ»:

Comment here