Հայ բռնցքամարտիկները 5 բրոնզե մեդալ են նվաճել ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ընթացող IBA-ի կազմակերպած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):
Գարբոյանը կիսաեզրափակչում 0:5 հաշվով զիջել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Հասանբոյ Դուսմատովին: Բազեյանը նույն հաշվով զիջել է Ուզբեկստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Աբումալկ Խալուկովին: Բաչկովը մրցել է Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Կուլերի հետ ու զիջել 5:2 հաշվով: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը կարիերայում 5-րդ անգամ է դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: 86 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Ռաֆայել Հովհաննիսյանն ուժերը չափել է Բելառուսը ներկայացնող Ալեքսեյ Ալֆիոռաունի հետ ու զիջել մրցակցին: Հայաստանի վերջին ներկայացուցիչ, 2021 թվականի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանն էլ ԱԱ-ի գերծանր քաշայինների կիսաեզրափակչում զիջել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Արման Մախանովին:
Հայաստանի թիմի կազմում 14 բռնցքամարտիկ էր ընդգրկված: ԱԱ-ում մրցելույթներ են ունեցել նաև Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Ժիրայր Սարգսյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63.5 կգ), Արմեն Մաշակարյանը, Արարատ Հարությունյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ):
IBA բռնցքամարտի աշխարհի առաջնությունն անցկացվել է դեկտեմբերի 2-13-ը։
Աշխարհի առաջնությանը 108 երկրի 428 բռնցքամարտիկ է մասնակցել։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



