ԳլխավորԼուր

Հայ բռնցքամարտիկները 5 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Բռնցքամարտ, ռինգ

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող 17-18 տարեկանների Եվրոպայի առաջնությունից կվերադառնա 5 բրոնզե մեդալով, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

56 կգ քաշային կարգում Ռուսլան Ասլիկյանը մեկնարկային մենամարտում 5։0 հաշվով հաղթել է խորվաթ Դենի Ալագիչին, ապա նույն հաշվով առավելության հասել լատվիացի Մաթվեյ Պրոկուդինսի նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Շենդրիկին՝ բավարարվելով բրոնզե մեդալով։

Բրոնզե մեդալակիր են դարձել նաև Արթուր Սահակյանը (60 կգ) և Հովհաննես Փափազյանը (91 կգ), որոնք պայքարը սկսել էին 1/4 եզրափակչից։ Սահակյանը մեկնարկային մենամարտում 5։0 հաշվով հաղթել է մոլդովացի Ստեֆան Վոզնեակովսկուն, իսկ կիսեզրափակչում 2։3 հաշվով պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Թենիգիզ Կոտոյանին։ Փափազյանը մեկնարկում հաղթել է ալբանացի Արբի Հաքշիուին, իսկ կիսաեզրափակչում զիջել ուկրաինացի Վասիլ Տկաչուկին։

Աղջիկների թիմից մեդալակիր են դարձել 48 կգ քաշային Գայանե Տեր-Աբրահամյանը և 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը։

Հավելենք, որ առաջնությանը մասնակցել են նաև Ռուդոլֆ Գարբոյանը (49 կգ), Ռուբեն Գարբոյանը (52 կգ), Վաղինակ Գալուստյանը (64 կգ), Նարեկ Զախարյանը (69 կգ), Հենրիկ Ծղրիկյանը (91 կգ), Ասրինե Ծատուրյանը (51 կգ)։

Հայ բռնցքամարտիկները հանդես են եկել ՀՀ երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի, մարզիչներ Հարություն Նազարյանի ու Գարիկ Բաղդասարյանի ղեկավարությամբ։

Comment here