ԳլխավորԼուր

Վրաստանում դասադուլ են անում ուսանողները. ՏԵՍԱՆՅՈւԹ

Վրաստանի Թբիլիսի, Բաթումի և Քութայիսի քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացնում ուսանողները, ովքեր դասադուլ են հայտարարել՝ պահանջելով չեղարկել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը։

Բաթումիի Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանի և ծովային ակադեմիայի ուսանողները երթով շարժվել են քաղաքով՝ վանկարկելով «Վրաստան», «Կեցցե Վրաստանը»։ Ուսանողները դասադուլի կոչ են արել բուհերի ղեկավարությանը և բոլոր ուսանողներին:

«Դասախոսներ, դուրս եկեք, կանգնեք ձեր ուսանողների կողքին», — վանկարկել են նրանք:

Երիտասարդներն այս կերպ միացել են Թբիլիսիում «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ բողոքողներին։

Դասի չեն եկել նաև Իլիայի համալսարանի, Թբիլիսիի պետական համալսարանի, Կովկասյան միջազգային համալսարանի, Սուլխան Սաբա Օրբելիանիի համալսարանի, ինչպես նաև Քութայիսի քաղաքի համալսարանի ուսանողները:

Նրանք նշել են, որ մտադիր չեն լսարաններ վերադառնալ, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել։

Հավելենք, որ ապրիլի 15-ից Թբիլիսիում բողոքի ակցիաներ են անցկացվում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ։ Սկանդալային օրինագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ, մայիսի 14-ին նախատեսվում է այն ընդունել երրորդ և վերջնական ընթերցմամբ:

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը ենթադրում է հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների գրանցում օտարերկրյա ուժի շահեր իրականացնող կազմակերպությունների ռեեստրում, եթե նրանց տարեկան եկամտի 20 ու ավելի տոկոսը արտասահմանյան ֆինանսավորումն է: Տարին մեկ անգամ նրանք պետք է հայտարարագիր լրացնեն։