ԳլխավորԼուր

Կաթողիկոսն այցելել է Գանձասարի վանք

Հունիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ուղեկցությամբ հոգևոր դասի այցելեց Գանձասարի վանք։

«Հրաշափառի» արարողությամբ եկեղեցականաց թափորը Նորին Սրբությանն առաջնորդեց Ս․ Հովհաննես Մկրտչի մասունքներն ամփոփող պատմական տաճար, ուր, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք։

Սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսության հայցով ներկա բարեպաշտ ժողովուրդը Հայոց Հայրապետի հետ միասին աղոթեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների խաղաղության և արցախահայության ու համայն մեր ժողովրդի խաղաղ, անվտանգ ու համերաշխ կյանքի համար։

Արարողության ավարտին Վեհափառն իր պատգամը բերեց ներկաներին՝ ամենքին փոխանցելով օրհնությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ողջույններն ու բարի մաղթանքները աշխարհասփյուռ մեր ժողովրդի։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսեց նաև Հայոց եկեղեցու կողմից Արցախին ու ժողովրդին ցուցաբերվող մշտական զորակցության, վերջին պատերազմի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և տարբեր թեմերից հոգևորականների և գնդերեցների կարևոր առաքելության մասին՝ նշելով նաև, որ այսօր դժվարին պայմաններում Արցախի թեմը շարունակում է իր հոգևոր խնամքը ծանր ժամանակներ ու մարտահրավերներ դիմագրավող արցախահայությանը։

Խոսքն ուղղելով Արցախի հավատավոր ժողովրդին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց տոկուն մնալ, ամուր պահել հավատքը, կապված լինել հողին ու ջրին՝ նոր կյանք բխեցնելու հայրենի երկրում, այն շենացնելու և իրենց գործերով հզոր ու բարօր դարձնելու։

Վերջում Գանձասարի վանքի բակում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց այս առիթով վանք այցելածներին։

Comment here