ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` Հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ 2-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման համար:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով՝ բացառությամբ դասագրքի հավակնող ուսումնաօժանդակ նյութի օֆսեթ եղանակով օֆսեթ թղթի վրա տպագրված ազդօրինակ նմուշների ու դրանց էլեկտրոնային տարբերակի, որը ներկայացվում է առձեռն՝ հայտը ներկայացնելու հաջորդ օրը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դրամաշնորհային մրցույթների 1-ին մասի 5-րդ գլխի 5.3 կետի դ) ենթակետի պահանջները կատարելիս ֆիզիկական անձինք պետական ռեգիստրի վկայականի պատճենների փոխարեն պետք է կցեն անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Մրցույթների վերաբերյալ մանրամասներն ու ժամկետները հասանելի են ԿԳՄՍ նախարարության կայքի «Դրամաշնորհային ծրագրեր» բաժնում:
Ավելի վաղ Արաքսիա Սվաջյանը հայտարարել էր, որ որոշ դասարաններում, մասնավորապես՝ «Ֆրանսերեն», «Ռուսերեն», «Թվային գրագիտության և համակարգչային գիտություններ» առարկաների նոր դասագրքեր չկան, որովհետև դրանց համար կամ հայտեր չեն ներկայացվել կամ ներկայացված հայտերը չեն հաղթահարել դասագրքերի ստեղծման համար սահմանված պահանջները: Այս առարկաների համար այս տարի դպրոցներում կկիրառվեն նախկինում գործող դասագրքերը։ Ըստ նրա՝ առանցքային է 10-րդ դասարանի հայոց պատմության դասագիրքը, որի համար ներկայացված հայտը չի երաշխավորվել։