ԳլխավորԼուր

Դերասաններին մեկ սեղանի շուրջ էր համախմբել կարոտը

Երկրում տիրող իրավիճակով պայմանավորված՝ կարծես կանգ է առել նաև մշակութային կյանքը: Բեմին, նկարահանումներին սովոր դերասաններն ու մշակութային գործիչներն արդեն սովորական դարձած աշխատանքը և միմյանց կարոտով են հիշում:

Երեկ նրանք համախմբվել էին մեկ սեղանի շուրջ զրուցելու, հիշելու հին ու բարի օրերը, բացակա ընկերներին: Հանդիպման առիթը «Մեկ ազգ, մեկ բռունցք» կազմակերպության կողմից կազմակերպված բարեկամական երեկոն էր: Նրանց համախմբումը մեկ վայրում դարձել էր մշակութային և բազմաբովանդակ՝ ասմունք, երգ, սրտից բխած խոսք՝ զինվորի ու հայրենիքի մասին:

«Մեկ ազգ, մեկ բռունցք» կազմակերպության նախագահ Կարեն Մարտիրոսյանը նշեց, որ անկախ պատերազմի ելքից՝ պետք է կարողանանք դուրս գալ սգից.

«Մեծ դժվարությամբ, բայց պետք է կարողանանք ոտքի կանգնել, մենք պետք է և պարտավոր ենք դուրս գալ սգից: Այդ հարցում դուք էլ ձեր դրական էներգետիկայով մեզ շատ կարող եք օգնել, որը անկախ ամեն ինչից չպետք է կորցնել»:

«Երևի մեր ազգը ինչ-որ մի մեծ սխալ ունի՝ անընդհատ խոսել ցեղասպանությունից, ցավերից, կորուստներից, որով ավելի ենք բազմապատկում մեր ցավը: Ժամանակն է, որ այդ ամենը պահենք մեր հոգում, սրտում և քիչ խոսենք: Մեր երեխաներին դաստիարակենք հաղթանակի, ուրախության ոգով»,-ասաց Ռաֆայել Քոթանջյանը:

Հայրենասիրական երգեր, ասմունք, միմյանց տեսնելու ուրախություն, պատմելու տխուր պատմություններ, զգացմունքների խառը հերթափոխ, որ բնորոշ է այժմ յուրաքանչյուր հայի:

«Հատկապես վերջին տարիներին մեզ մոտ տխուր առիթները շատ են, ամեն անգամ հավաքվելիս մեզանից մի թանկ ընկեր բացակա է լինում, մեր Գևոն, Զավենը, Վիգենը…»,-իր կորցրած ընկերներին հիշեց Աշոտ Ղազարյանը:

Երեկոյի ընթացքում մշակութային գործիչներն անդրադարձան նաև երկրում տիրող իրավիճակին՝ քննարկելով հնարավոր ելքեր և լուծման ուղիներ:

ՀՐԱՉՈՒՀԻ ԱԼՄԱՍՏՅԱՆ

Comment here