ԳլխավորԼուր

Մեկ դոլարը՝ 113 ռուբլի. փոխարժեքները ռեկորդ են սահմանել

Ռուբլի

Դոլարի ու եվրոյի փոխարժեքները ռուբլով հասել են պատմական առավելագույնին։ Դրանք Forex շուկայում վաճառվում են համապատասխանաբար 113,5 և 127 ռուբլիով: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Bloomberg-ի տվյալներին։

Եվրոն ռուբլու նկատմամբ թանկացել է գրեթե 35%-ով, իսկ դոլարը՝ գրեթե 33%-ով:

Մոսկվայի ժամանակով 7:05-ի դրությամբ՝ ռուբլու նկատմամբ եվրոյի փոխարժեքը կազմում է 122,15 ռուբլի: Դոլարի փոխարժեքը բարձրացել է մինչև 107,68 ռուբլի։ Ավելի վաղ եվրոյի փոխարժեքը հասել էր 132,88 ռուբլու, և դա առավելագույն ցուցանիշն էր, իսկ դոլարը՝ 117,82 ռուբլու:

Փորձագետները ակնկալում էին ռուբլու փոխարժեքի անկում՝ Ռուսաստանի կենտրոնական բանկի ակտիվների սառեցման` պատժամիջոցների մասին որոշումների ֆոնին։

Երեկ Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ունի անհրաժեշտ պաշարներ ու գործիքներ ֆինանսական կայունության պահպանման և ֆինանսական հատվածի գործառնական անընդհատության ապահովման համար:

ՀՀ դրամի նկատմամբ ռուբլին եւս կտրուկ էժանացել է. առավոտվա տվյալներով՝ 1 ռուբլին գնվում է 3.3-ից 3.6 դրամով, վաճառվում՝ 5.3 դրամով։