Դեկտեմբերի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:
Բերկրառատ տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:
Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և ուխտավորներ:
Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի կողմից մատուռ-մկրտարան բերվեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Սրբազան Հայրն օրհնեց ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու և համբուրելու համաքրիստոնեական սրբությունը:
Սուրբ Պատարագի ավարտին Մուշեղ Սրբազանը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին։
Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Աթոռի մատուռ-մկրտարանում կմնա մինչև երեկոյան ժամերգության ավարտը: