ԳլխավորԼուր

Նոր կանոններ` Եվրամիության երկրներ կարճաժամկետ մուտք գործելու համար

Եվրամիության երկրներ կարճաժամկետ մուտքի նոր կանոններ են գործում փետրվարի 2-ից: Կանոնների փոփոխությունը վերաբերում է բոլոր այն երկրների քաղաքացիներին, որոնք պետք է ունենան վիզա՝ ԵՄ երկրներ մուտք գործելու համար:

Փոփոխությունները վերաբերում են Շենգեն գոտու՝ ԵՄ 22 պետություններ (Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա և Շվեդիա), ինչպես նաև Իսլանդիա, Լիխտեյնշտեյն, Նորվեգիա և Շվեյցարիա մեկնելուն:

Այս երկրներից յուրաքանչյուրի կողմից տրված մեկ միասնական կարճաժամկետ վիզան վավեր է Շենգենյան բոլոր 26 երկրներում ճանապարհորդությունների համար՝ մինչև 90 օր ցանկացած 180 օրվա ընթացքում։

Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ վիզայի դիմումները կարող են ներկայացվել ծրագրված ճամփորդությունից մինչև վեց ամիս շուտ, նախկին երեքի փոխարեն:  Այժմ ավելի հեշտ է ստանալ երկարաժամկետ (1-5 տարի) մուլտիվիզա, ինչը հաճախ ճամփորդողների համար ժամանակի և ֆինանսների տնտեսման հնարավորություն է, որովհետև նրանք այսուհետ ստիպված կլինեն դիմելու ավելի պակաս հաճախականությամբ։

Մեծամասամբ դիմումը կարող է ներկայացվել անմիջապես քաղաքացու բնակության երկրից և, որտեղից որ հնարավոր է լրացնել ու ստորագրել այն էլեկտրոնային, մինչդեռ մինչև փոփոխությունները միայն դիմումների բնօրինակներով էին կատարվում գործարքները։

Հաճախ ճամփորդող քաղաքացիները, որոնք ունեն լավ վիզա-պատմություն, աստիճանաբար ավելի երկար վավերականության ժամկետի հաստատում կստանան՝ 1-5 տարի։

Դիմումների վարման ժամկետը մնացել է անփոփոխ՝ 15 օր։

Վիզայի դիմումատուները մնացած փաստաթղթերի հետ միասին պետք է ներկայացնեն նաև վավեր առողջական ապահովագրություն։

Ընդհանուր առմամբ, վիզայի գինը 60 եվրոյից դարձել է 80 եվրո, քանի որ նախկին գինն այլևս չէր բավարարում բոլոր վարչական գործընթացները, այդ թվում՝ անօրինական միգրացիայի վերահսկման մեխանիզմները պատշաճ իրականացնելու համար։

Սակայն մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շրջանակում ՀՀ քաղաքացիների համար գինը մնացել է անփոփոխ՝ 35 եվրո։

Comment here