ԳլխավորԼուր

ԱՄՆ-ում ավելի քան 6 հազար օտարերկրացի ուսանող զրկվել է վիզայից

Հարվարդի համալսարան

ԱՄՆ-ում 2025 թվականին Թրամփի վարչակազմի որոշմամբ ավելի քան 6 հազար օտարերկրացի ուսանող զրկվել է վիզայից։ Այս մասին օգոստոսի 19-ին հայտնել է Newsweek պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի իր աղբյուրները։

Պարբերականի տեղեկություններով՝ վիզաները չեղարկվել են տարբեր պատճառաբանություններով (այդ թվում՝ կացության ժամկետի կամ օրենքի խախտում, ահաբեկչության աջակություն)։

Ինչպես պարբերականին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից, վիզայից զրկված 6 հազար մարդուց 200-300-ը միջոցներ են հավաքել ՀԱՄԱՍ-ի համար, որն ԱՄՆ-ում ահաբեկչական խմբավորում է ճանաչվել: Բացի այդ, Թրամփի վարչակազմը չեղյալ է հայտարարել բազմաթիվ ուսանողների վիզաները, որոնք մասնակցել են Գազայի հատվածում իսրայելական հարձակման դեմ ցույցերին:

Պարբերականը նաև նշում է, որ այս տարվա ապրիլին Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ արդեն չեղյալ է հայտարարել 1000 ուսանողական վիզա ՝ ԱՄՆ ներգաղթը սահմանափակելու նախագահի հանձնարարականի համաձայն:

Միևնույն ժամանակ, ուսումնական հաստատությունները, որոնք փորձել են հակազդել Թրամփի վարչակազմի միջոցառումներին, բախվել են դրամաշնորհների սառեցման և ֆինանսավորման կրճատման հետ:

DW-ի տվյալներով՝ 2023-2024 ուսումնական տարում ԱՄՆ է ժամանել ավելի քան 1,1 միլիոն ուսանող։ Նրանցից մոտ 30%-ը եկել է Հնդկաստանից, իսկ 25%-ը՝ Չինաստանից։ Բարձրագույն կրթության համակարգի ուսուցիչների համաշխարհային ասոցիացիայի (NAFSA) տվյալներով ՝ 2023-24 ուսումնական տարում արտասահմանցի ուսանողներն ԱՄՆ տնտեսությանը բերել են 43,8 միլիարդ դոլար (42,8 միլիարդ եվրո)։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews