ԳլխավորԼուր

Հարվարդը 500 մլն դոլար կվճարի Սպիտակ տան հետ վեճը կարգավորելու համար

Հարվարդի համալսարան

Հարվարդի համալսարանը պատրաստակամություն է հայտնել ընդառաջ գնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պահանջներին և մինչև 500 մլն դոլար հատկացնել Սպիտակ տան հետ ծագած վեճը լուծելու համար: Այս մասին հայտնում է New York Timesը ՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Հարվարդը դժկամությամբ է համաձայնում ուղղակիորեն վճարել դաշնային կառավարությանը, սակայն բանակցությունների մասնակիցները դեռ քննարկում են ճշգրիտ ֆինանսական պայմանները»,- հայտնում է պարբերականը: Սակայն դեռևս պարզ չէ, թե երբ Թրամփի վարչակազմը և Հարվարդը կկարողանան համաձայնության գալ: Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ համալսարանը պնդելու է, որ ցանկացած գործարք կապված լինի դաշնային հայցի հետ, որը նա ներկայացրել է կառավարության դեմ՝ ֆինանսավորման կրճատման և միջազգային ուսանողների ընդունելության արգելքի պատճառով:

Անցյալ շաբաթ ամերիկյան վարչակազմում հայտարարել էին, որ Հարվարդը և ևս մի շարք ամերիկյան բուհեր պետք է խոշոր տուգանք վճարեն պետական ֆինանսավորման հասանելիության դիմաց՝ Կոլումբիայի համալսարանի հետ ավելի վաղ կնքված գործարքի նմանությամբ:

Սպիտակ տունն ավելի վաղ ԱՄՆ-ի համալսարաններից պահանջել էր ապահովել հրեական ծագում ունեցող ուսանողների պաշտպանությունը՝ սպառնալով կրճատել ֆինանսավորումը որոշ բուհերում տեղի ունեցող բողոքի ակցիաների ֆոնին: Ապրիլին ԱՄՆ կրթության նախարարությունը հայտնել էր, որ Հարվարդի համալսարանին զրկում է 2,2 միլիարդ դոլարի պետական ֆինանսավորումից այն բանից հետո, երբ ուսումնական հաստատության ղեկավարությունը հրապարակավ մերժեց կառավարության պահանջները կադրային և կրթական քաղաքականության փոփոխությունների վերաբերյալ:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews