ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը Հարվարդի համալսարանից պահանջել է տեղեկատվություն տրամադրել վիզաներով սովորող ուսանողների մասին, որոնք, ինչպես պնդում են, «անօրինական և բռնի գործողությունների» են մասնակցել: Հակառակ դեպքում բուհին կարող են արգելել օտարերկրյա ուսանողներ ընդունել: Այս մասին ասվում է գերատեսչության պաշտոնական հայտարարության մեջ։
Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը վերջնաժամկետ է սահմանել մինչև ապրիլի 30-ը: Մերժելու դեպքում, նրա խոսքով, արգելքն ուժի մեջ կմտնի անհապաղ: Բացի այդ նա մեղադրել է համալսարանին հակասեմիտիզմը խրախուսելու մեջ և հայտարարել, որ «Հարվարդի լսարանները թունավորված են հակաամերիկյան գաղափարախոսությամբ և ՀԱՄԱՍ-ին աջակցությամբ»:
The Harvard Crimson ուսանողական թերթը գրում է, որ համալսարանին նամակ է ուղարկվել՝ պահանջելով հայտնել վիզաներով սովորող ուսանողների մասին տեղեկությունները, որոնք «վտանգ են ստեղծել» այլ ուսանողների և անձնակազմի համար կամ «խաթարել են ուսումնական գործընթացը»։ Պահանջվել է նաև տեղեկություն տրամադրել նրանց նկատմամբ կիրառված կարգապահական միջոցների վերաբերյալ։
Ապրիլի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկեց Հարվարդը դիտարկել որպես քաղաքական կազմակերպության և զրկել նրան հարկային արտոնություններից։ Բացի այդ, կրթության նախարարությունը սառեցրել է 2,2 մլրդ դոլարի դրամաշնորհները, ինչպես նաև 60 մլն դոլարի երկարաժամկետ պայմանագրերը: Ընդհանուր առմամբ, վարչակազմը նախատեսում է վերանայել համալսարանի հետ շուրջ 9 մլրդ դոլար արժողությամբ համաձայնագրերը:
Հավելենք, որ Հարվարդի համալսարանի հետազոտողներն արդեն իսկ ստիպված են եղել դադարեցնել իրենց հետազոտությունները, այդ թվում ՝ տուբերկուլյոզի և տիեզերքի բնագավառում։
Նշենք, որ Հարվարդում սովորում է 6793 միջազգային ուսանող, ինչը 2024-2025 ուսումնական տարվա ուսանողների ընդհանուր թվի 27,2%- ն է:
Ամերիկյան բուհերում հակաիսրայելական ակցիաներ են անցկացվել՝ կապված Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հետ, որը հաջորդել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի հարձակմանն ու Իսրայելի կողմից Գազայի հատվածի հետագա ռմբակոծմանը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews