Հարվարդի համալսարանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը հայցով դիմել են Բոստոնի դատարան՝ վիճարկելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումն այն մասին, որ ԱՄՆ-ում կրթություն ստացող օտարերկրյա ուսանողները ստիպված կլինեն լքել երկիրը, եթե աշնանն իրենց ուսումնական հաստատություններում բոլոր առարկաների դասաժամերը կորոնավիրուսի պատճառով անցկացվեն առցանց, այլ ոչ թե առկա ձևաչափով, տեղեկացնում է BBC-ն։
Որոշումը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր ԱՄՆ-ում են գտնվում F-1 եւ M-1 այցագրերով։
F-1-ը տրվում է միջազգային ուսանողներին՝ ԱՄՆ-ում սովորելու, M-1-ը՝ մասնագիտական կուրսերի մասնակցելու, որակավորումը բարձրացնելու համար։
Արտաքսումից խուսափելու համար Միգրացիոն և մաքսային հսկողության ծառայությունը խորհուրդ է տալիս ուսանողներին ժամանակավորապես փոխադրվել այն բուհեր, որտեղ առկա ուսուցման ժամեր կան։
Ամերիկյան իշխանությունները նաեւ նոր այցագիր չեն տրամադրի ԱՄՆ մեկնելու մտադրություն ունեցող այն ուսանողներին, որոնց կրթությունն առաջիկա կիսամյակում ամբողջությամբ կանցկացվի առցանց ձևաչափով:
Ի դեպ, ԱՄՆ-ում, որտեղ կորոնավիրուսով վարակվածերի թիվն անցել է 2.9 մլն-ը, մի շարք հեղինակավոր բուհեր հայտարարել են, որ հեռավար ուսուցում կիրականացնեն ոչ միայն մոտակա աշնանը, այլեւ հաջորդ ամբողջ ուսումնական տարին։
Հարվարդի ղեկավարության խոսքով՝ սույն որոշման հետևանքով Հարվարդի 5000 օտարազգի ուսանող ստիպված կլինի հեռանալ երկրից։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։