Հայաստանը միանում է Երիտասարդության միջազգային օրվա տոնակատարություններին։ Օգոստոսի 12-ին Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում, ինչպես նաև հանրապետության բոլոր մարզերի շուրջ 96 բնակավայրերում և մայրաքաղաք Երևանում կանցկացվեն կրթամշակութային, ինտերակտիվ և բազմաբովանդակ միջոցառումներ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Միջոցառումները կդառնան յուրօրինակ հարթակ՝ երիտասարդների ներուժի, ձայնի և ստեղծագործ նախաձեռնությունների ճանաչման, խրախուսման և հանրայնացման համար։
Այս տարվա երիտասարդական մայրքաքաղաք Ապարանում երիտասարդության միջազգային օրվա շրջանակում կանցկացվեն սպորտային-ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական տաղավարային ցուցադրություններ, բացօթյա վիկտորինա, քվեսթ խաղեր, նկարչական մրցույթ, նորարարական գաղափարների մրցանակների հանձնում և այլն։ Օրը կամփոփվի Ապարանի քաղաքային հրապարակում՝ հայտնի երգիչ Գոռ Սուջյանի համերգով։
ՀՀ մարզերի տարբեր բնակավայրերում և Երևանի տարբեր վարչական շրջաններում ևս նախատեսված են մարզամշակութային բազմապիսի միջոցառումներ, ինտելեկտուալ խաղ-մրցույթներ, կինոդիտումներ, թատերական ներկայացումներ, թեմատիկ քննարկումներ: Միջոցառումներ են կազմակերպվելու նաև պետական մի շարք կառույցների նախաձեռնությամբ։
Միջոցառումների ծրագիրը կազմվել է Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ անցկացված առցանց հարցման հիման վրա, որի արդյունքում բացահայտվել են երիտասարդների նախասիրությունները, հետաքրքրությունները և ակտիվ մասնակցության նախընտրելի ձևերը։
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումներն անցկացվում են լայնածավալ գործընկերային համագործակցությամբ՝ համախմբելով պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։
Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ 1997 թվականից օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր, որն այս տարի անցկացվում է «Երիտասարդական տեղական նախաձեռնություններ՝ Կայուն զարգացման նպատակներին և ավելիին հասնելու համար» խորագրի ներքո։



