Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գևորգ Սուջյանը (1989թ․ ծնված) և Դավիթ Դավթյանը (1993թ․ ծնված) առևանգվել ու գերեվարվել էին 2020 թ․ նոյեմբերի 11-ին Բերձոր-Շուշի ճանապարհով մարդասիրական օժանդակություն մատակարարելու ընթացքում։ 2021թ․ Սուջյանն ու Դավթյանը 15 տարվա ազատազրկման էին դատապարտվել լրտեսության շինծու մեղադրանքով։
Վագիֆ Խաչատրյան (1955թ. ծնված) առևանգվել ու գերեվարվել էր 2023թ. հուլիսի 29-ին Լաչինի միջանցքի ապօրինի ադրբեջանական անցակետի մոտակայքից՝ շտապ բուժօգնության նպատակով Կարմիր խաչի մեքենայով տարհանվելու ընթացքում: Խաչատրյանը 2023 թ. 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել 1990-ականներին «ցեղասպանություն իրականացնելու» շինծու մեղադրանքով:
Նշենք նաև, որ 2020 թվականին Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցած ու Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված երկու վարձկան ահաբեկիչներ՝ Մեհրեդ Մուհամմադ ալ–Շխերին և Յուսեֆ Ալաաբեդ ալ-Հաջին Թուրքիայի Հանրապետության միջոցով այսօր փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



