ԳլխավորԼուր

Գերիների ու անհետ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան

Գերիների ու անհետ կորածների հարազատները ի նշան բողոքի փակել էին Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածը։ Պատճառը, ըստ նրանց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` իրենց հետ հանդիպման առաջարկը մերժելն է։

«Մենք առաջարկել էինք, որ մեզանից 20 հոգու ընդունի կամ գա այստեղ, մեզ հետ հանդիպի։ Մեզ ասացին` 2 հոգու կընդունի։ Մենք համաձայն չենք, բոլոր ծնողներին ինքը պիտի պատասխան տա։ Ուզում ենք ճանապարհը փակել, որ ինքը գա մեզ պատասխան տա»,– ասել են բողոքի ակցիայի մասնակիցները։

Ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի շուրջ 1 տասնյակ մասնակիցների։

Դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվել էր Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։

Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է։