ԳլխավորԼուր

Գիրք կարդալու ազգային օրն է

Սեպտեմբերի 6-ը Գիրք կարդալու ազգային օրն է, տեղեկացնում են Հայաստանի ազգային գրադարանից։

«Գիրք կարդալու հատուկ օր սահմանելու միտքը ծագել է ամերիկացի ոմն գրադարանավարի կամ գրքասերի գլխում, բայց ինչպես շատ այլ ոչ պաշտոնական տոներ, նշում են ամբողջ աշխարհի գրքասերները՝ այս օրն ամբողջովին նվիրելով իրենց սիրած գիրքը վերընթերցելուն կամ բացահայտած նոր գիրքն ընթերցելուն:

Ժամանակակից բազմազբաղ ու սրընթաց աշխարհում Գիրք կարդալու ազգային օրը մի պահ կանգ առնելու, հանգստանալու շատ լավ առիթ է, մտքի ու հոգու տոն, որը նշելն այնքան հեշտ է. պարզապես վերցրեք սիրելի գիրքը (ընթերցիչն) ու ըմպելիքը և ընկղմվեք ընթերցանության հրաշալի աշխարհում: Իսկ եթե հաջողվի նաև լուսանկարվել, լուսանկարը տեղադրեք մեր այս գրառման մեկնաբանության դաշտում:

Այսօր կիրակի է, և հեշտ է տրվել սիրելի զբաղմունքին: Ու քանի որ գրքասեր հանրությունը նշում է նաև ռուս նշանավոր գրող, Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» նշանավոր վեպի 65-ամյակը (գրողը գիրքն ավարտել է 1955-ին, հրատարակվել է 1957-ի սեպտեմբերի 5-ին), Հայաստանի ազգային գրադարանը խորհրդանշական այս օրն առաջարկում է կարդալ հենց այս հոբելյանական գիրքը:

Ուշագրավ է «Դոկտոր Ժիվագո» վեպի ոդիսականը: Գիրքը թշնամաբար է ընդունվում Խորհրդային Միությունում, ուստի իտալացի հրատարակիչ և գործարար Ջանջակոմո Ֆելտրինելիի դրդմամբ վեպի ձեռագիրը գաղտնիաբար տարվում է Միլան, թարգմանվում և հրատարակվում 1957 թվականի սեպտեմբերի 5-ին: Հաջորդ տարի` 1958 թվականին, Պաստեռնակին շնորհվում է Գրականության Նոբելյան մրցանակ, իրադարձություն, որը շփոթեցնում և զայրացնում է Խորհրդային Միության իշխող վերնախավին»,-նշված է գրառման մեջ:

Comment here