ԳլխավորԼուր

Աշնանային գիշերահավասար. Երկիր մոլորակի համար սկսվել է աստղագիտական աշունը

Աշնանային գիշերահավասար

Երկիր մոլորակի համար սկսվել է աստղագիտական աշունը, հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։

Աշնանային գիշերահավասարի օրը Արեգակը երկնքի հյուսիսային կիսագնդից անցնում է հարավային կիսագունդ: Արեգակի անցումը հասարակածով տևում է մոտ 33 ժամ:

Երևույթը կոչում ենք աշնանային գիշերահավասար, քանի որ գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Այս դեպքում խոսքն Արեգակի հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է։

Նշենք, որ իրական ցերեկն ավելի երկար է տևում ռեֆրակցիա կոչվող երևույթի պատճառով, երբ Արեգակի՝ հորիզոնից ներքև իջնելուց հետո էլ որոշ ժամանակ նրա պատկերը շարունակում է երևալ։ Դրան գումարվում է նաև մթնշաղի տևողությունը՝ մեր լայնությունների վրա 25-35 րոպե։

Ընդհանրապես տարվա եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթության թեքվածությունն է Երկրի Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23.4 աստիճան):

Նշենք նաև, որ եթե Հյուսիսային կիսագնդում սկսվում է աշունը, ապա Հարավայինում հակառակը` սկսվում է գարունը, և եղանակը գնալով տաքանում է:

Աշնանային գիշերահավասարը Երկրի տարբեր հատվածներում կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 22-ին, 23-ին կամ 24-ին։

Այս տարի այն տեղի է ունեցել Երևանի ժամանակով սեպտեմբերի 22-ին, ժամը 16։43-ին։