ԳլխավորԼուր

Մահացել է բանաստեղծ և թարգմանիչ Գիվի Շահնազարին (Գիգուշ Շահնազարյան)

92-րդ տարեկանում մահացել է հայտնի բանաստեղծ և թարգմանիչ Գիվի Շահնազարին (Գիգուշ Շահնազարյան), հայտնում են Վրաստանի գրողների տնից։

Գիվի Շահնազարին ծնվել է 1933թ.։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը: Ավելի քան 60 տարի եղել է հայկական, ռուսական, օսական և աբխազական պոեզիայի թարգմանիչ։ 1984-1987 թվականներին եղել է Թբիլիսիի Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, 1992 թվականից եղել է Պետական խորհրդի անդամ:

1997 թվականից եղել է Վրաստանի պետական գրասենյակում ազգամիջյան հարաբերությունների ռեֆերենտ։ 2015 թվականից Թբիլիսիի պատվավոր քաղաքացի է:

Իր առաջին թարգմանությունները Շահնազարին հրատարակել է 1952 թվականին։

Գրիգոր Նարեկացի, Սայաթ-Նովա, Եղիշե Չարենց, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան, Սիլվա Կապուտիկյան, Վահագն Դավթյան, Համո Սահյան, Պարույր Սևակ, Հաֆեզ Շիրազի. սա թարգմանիչ Գիվի Շահնազարիի կողմից տարբեր ժամանակներում վրացերեն թարգմանված հեղինակների ոչ ամբողջական ցանկն է: