ԳլխավորԼուր

Լարսի ճանապարհը կրկին փակ է. փլուզում է եղել

«Վերին Լարս» անցակետով ՌԴ–ից Վրաստան տանող ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով Հյուսիսային Օսեթիա–Ալանիայի գծով ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչությունը։

«Հաշվի առնելով ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու անկարողությունը, ինչպես նաև «Կովկաս» Դաշնային ճանապարհային գործակալության մասնաճյուղի խորհուրդները` Վլադիկավկազ քաղաք – Լարս բնակավայր հատվածում երկկողմանի արգելված է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Երթևեկությունը դադարեցվել է հունիսի 28-ին ժամը 01:30–ից՝ մինչ հատուկ կարգադրություն ստանալը։

Միևնույն ժամանակ ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունում Sputnik Արմենիային հայտնել են, որ երթևեկությունն արգելվել է ճանապարհի փլուզման պատճառով։

Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից ավելի վաղ հայտնել էին, որ  վրացական կողմից խնդիրը վերացվել է և երթևեկությունը վերականգնվել է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վերին Լարս» տանող մայրուղու 136-րդ կմ–ում 80-մետրանոց հատված փլուզվել է Թերեք գետի վարարման պատճառով, ինչից հետո բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել է։  Ներկայում Վրաստանում ՌԴ անցնելու իրենց հերթին է սպասում մոտ 300 հայկական բեռնատար, հակառակ ուղղությամբ` շուրջ 500-ը։

Հարցը սեղմ ժամկետներում լուծում էր ստացել, և հունիսի 27-ի ժամը 23:00–ից տրանսպորտային բոլոր միջոցների համար ճանապարհը բացվել էր։