ՀՊՏՀ Տեմպուսի սրահում հունվարի 13-ին կայացավ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի (ՀՈւՄՖ) կողմից կազմակերպվող ամենամյա ամփոփիչ հաշվետվությունը և մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ պետական և ոչ պետական 20-ից ավելի համալսարանների ներկայացուցիչներ:
Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի կողմից ներկայացվեց 2023թ-ին իրականացված միջոցառումների հաշվետվությունը և նախանշվեցին 2024թ-ի անելիքները:
Մրցանակաբաշխության ընթացքում շնորհակալագրեր հանձնվեցին ՀՀ 24-րդ խաղերում ակտիվ մասնակցություն ունեցած համալսարաններին, իսկ ընդհանուր հաշվարկով առավելագույն միավորներ գրանցած Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին (1-ին տեղ), Երևանի պետական համալսարանին (2-րդ տեղ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին (3-րդ տեղ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին (3-րդ տեղ) հանձնվեցին պատվոգրեր և գավաթներ:
Համաշխարհային համալսարանական խաղերում և եվրոպական համալսարանական առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին՝ Համալսարանական սպորտի միջազգային փառատոնի ոսկե մեդալակիրներ Ռուսլան Ասլիկյանին (բռնցքամարտ), Հայկ Ալաբերքյանին (բռնցքամարտ), ոսկե և բրոնզե մեդալակիր Վարսենիկ Մանուչարյանին (լող), արծաթե մեդալակիր Արշավիր Բաղրամյանին (սամբո), բրոնզե մեդալակիրներ Համլետ Հարությունյանին (բռնցքամարտ) և Արամ Աղաջանյանին (սամբո), ինչպես նաև Ամառային ունիվերսիադայի բրոնզե մեդալակիրներ Երվանդ Մկրտչյանին (ատլետիկա), Ժիրայր Պետրոսյանին (ուշու), Եվրոպայի կոմբատ ՄՁ արծաթե մեդալակիր Սարգիս Սարգսյանին (թաեքվանդո) հանձնվեցին հուշանվերներ: