ԳլխավորԼուր

Քառասնօրյա հոգեհանգստի կարգ` Բեյրութի պայթյունի զոհերի հիշատակին

Հոգեհանգստի կարգ, եկեղեցի

Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում քառասնօրյա հոգեհանգստի կարգ կատարվեց՝ ի հիշատակ օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի անմեղ զոհերի: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշեց, որ Լիբանանում կյանքը շարունակվում է և պետք է զոհերին միշտ հիշելով առաջ շարժվել:

«Մենք այսօր ոգեկոչեցինք զոհվածների և մանավանդ հայ զոհերի քառասնօրյա հոգեհանգիստը: Կյանքը շարունակվում է, մենք միշտ կհիշենք զոհերին, սակայն Լիբանանը և լիբանանահայությունը պետք է վերականգնվի` շնորհիվ բարեկամ պետությունների, սփյուռքահայ մեր եղբայրների բարոյական և նյութական սատարման: Դա խթան կլինի, որպեսզի պահենք մեր այնտեղի համայնքը և կարողանանք առաջ գնալ»,- ասաց Հակոբյանը:

«Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիրը նշեց, որ պայթյունի հետևանքով վիրավորների թիվն այս պահին հստակ չէ, նրանց մի մասը դեռ շարունակում է բուժումը հիվանդանոցներում, մի մասն արդեն դուրս է գրվել, իսկ ավելի ծանր վիրավորների շրջանում ժամանակ առ ժամանակ մահվան դեպքեր են արձանագրվում:

«Վիրավորների թիվը շատ անհստակ է, պայթյունի վիրավորների ընդհանուր թիվը շուրջ 5 հազար է: Մեծամասնությունն ապաքինված է, պատահում է, որ ծանր վիրավորներն իրենց հոգին են ավանդում, սակայն բուժման ընթացքը շարունակվում է: Կա գույքային մեծ վնաս, մարդիկ կան, որ անտուն են այսօր: Հուսամ, որ նրանց տներն էլ կվերականգնվեն»,- նշեց Սևակ Հակոբյանը:

 

 

Comment here