ԳլխավորԼուր

«Ամենաարմատական փոփոխությունը կլինի այն ժամանակ, երբ մենք երեխաներին սովորեցնենք հասկանալ մշակույթի արժեքը». Նարինե Խաչատուրյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը կարծում է, որ Հայաստանն ունի հարուստ մշակութային ժառանգություն, որն անհրաժեշտ է պահպանել, վերականգնել և հավուր պատշաճի ներկայացնել հայ և միջազգային հանրությանը: Փոխնախարարի հավաստիացմամբ՝ այս գործում մեծ դերակատարություն ունի ոչ միայն պետությունը, այլև հասարակությունը:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ  «Արմենպրես»-ի թղթակցի հետ հետ զրույցում Նարինե Խաչատուրյանն ասել է, որ հուշարձանների պահպանության համար բազմաթիվ քայլեր են արվում, բայց, եթե չլինի հասարակության ընկալումը և գիտակցումը, նրանց սերը հայրենիքի և պատմամշակութային ժառանգության նկատմամբ, պետությունը որքան էլ ջանք թափի, մեծ արդյունքի հասնել չի կարող:

«Ահռելի  հարստություն ունենք, որի մի մասը հողի տակ է: Դեռևս մեծ աշխատանք կա անելու հաջորդ սերունդների համար, բայց, ֆինանսական պատճառներով պայմանավորված, բոլոր հուշարձանները միանգամից վերականգնել պարզապես հնարավոր չէ: Պետությունը պատրաստ է համագործակցել մասնավոր ընկերությունների, համայնքների հետ, սակայն համայնքների բնակիչների գիտակցությունը պետք է  բարձրանա, քանի որ շատ դեպքերում հուշարձանները ոչ թե բնական ճանապարհով են ավերվում, աղճատվում, այլ մարդկային գործոնի հետևանքով, ինչը շատ տխուր է»,-ասել է Խաչատուրյանը:

«…ամենաարմատական փոփոխությունը կլինի այն ժամանակ, երբ մենք երեխաներին սովորեցնենք հասկանալ մշակույթի արժեքը, այդ թվում՝ հուշարձանների: Այդ նպատակով նախաձեռնել ենք հայրենաճանաչողական ծրագիր, որը կյանքի կկոչենք, և որը գիտակցության մեջ նման փոփոխություն կմտցնի: Երեխան, որը կլինի մեր շահառուն,  անգամ իր ընտանիքի անդամներին թույլ չի տա թղթի կտոր նետել այս կամ այն հուշարձանի տարածքում»,-ընդգծել է նախարարի տեղակալը:

Մեր պատմամշակութային ժառանգությունը հանրահռչակելու համար նախարարությունը մեծ նշանակություն է տալիս թվային տիրույթին: Պատրաստվելու է մեծ բազմալեզու պորտալ հուշարձանները, հնագիտական դաշտը ներկայացնելու համար: Խաչատուրյանը խոստովանեց, որ այդ առումով կաղում ենք և պետք է ագրեսիվ արշավ սկսել մշակույթը ներկայացմելու համար: «Մեր մշակույթը հարուստ է ու գրավիչ, պարզապես այն պետք է  կարողանանք ճիշտ մատուցել: Հիմա այս քայլերն արվում են»,-մասնավորապես ասել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում» ընդգրկված հուշարձանների թվում են` Էջմիածնի Մայր տաճարը, Հռիփսիմեի տաճարը, Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե եկեղեցիները, «Զվարթնոց» տաճարը, Սանահինի վանական համալիրը (լուսանկարում), Հաղպատի վանական համալիրը, Գեղարդի վանական համալիրը և Ազատի գետի հովիտը։

Ամբողջությամբ՝ այստեղ։

 

Comment here