ԳլխավորԼուր

Իրանական հրթիռակոծությունն ու նախորդած դեպքերը՝ համառոտ

Իրանի զինված ուժերն այս գիշեր հրթիռային հարվածներ են հասցրել Իրաքում գտնվող ամերիկյան օբյեկտներին։

Ինչ է տեղի ունեցել

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության՝ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը հայտարարել է, որ ԱՄՆ արեւելյան ափի ժամանակով հունվարի 7-ին՝ մոտավորապես ժամը 17.30-ին (հունվարի 8-ին, Երեւանի ժամանակով 01.30-ին) Իրանն ավելի քան 1 դյուժին (մեկ դյուժինը հավասար է 12-ի) բալիստիկ հրթիռներ է արձակել Իրաքում ԱՄՆ-ի եւ կոալիցիոն ուժերի ուղղությամբ։

Newsweek-ի հաղորդմամբ՝ կիրառվել են թե բալիստիկ, թե թեւավոր հրթիռներ։

Հրթիռակոծության արդյունքում վնասվել է Իրաքի հյուսիսում՝ Էրբիլ քաղաքի մերձակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազան ու արեւմտյան մասում գտնվող Այն ալ Ասադ ավիաբազան։

Al Hadath հեռուստաընկերության տվյալներով՝ ավիաբազայի տարածքում մի քանի ամերիկյան ինքնաթիռ է ոչնչացվել։

Sky News Arabia-ն հաղորդում է, որ սպանվել է իրաքյան զինուժի մեկ սպա, եւս 5 զինվորական վիրավորվել է։

Reuters-ը տեղեկացնում է, որ հրթիռակոծության զոհ է դարձել 80 մարդ։

Ինչ է հայտնի Իրանի գործողության մասին

Press TV հեռուստաընկերության տվյալներով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Այն ալ Ասադ ավիաբազան հրթիռակոծվել է ի պատասխան «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության։ Գործողությունը կրել է «Նահատակ Սոլեյմանի» անվանումը։

ԱՄՆ իշխանությունների արձագանքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա կառավարության առանցքային նախարարներն ու օգնականները արտակարգ խորհրդակցություն են անկացրել հրթիռակոծությունից հետո։

Սպիտակ տան անվտանգության միջոցառումները խստացվել են։

Համառոտ՝ հրթիռակոծությանը նախորդած իրադարձությունների մասին

Հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան ավիահարվածների արդյունքում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, 62-ամյա գեներալ Ղասեմ Սոլեյմանին, ինչպես նաև Իրաքի Ժողովրդական աշխարհազորի փոխհրամանատարը:

Պենտագոնը հաստատել է, որ Սոլեյմանին սպանվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով։

Ղասեմ Սոլեյմանի

Սոլեյմանիի ուղղությամբ ավիահարվածը հասցվել է Բաղդադում ամերիկյան դեսպանատունը գրոհելու փորձերից մի քանի օր անց: Վաշինգտոնը հայտարարել է, որ դիվանագիտական առաքելության վրա հարձակումը կատարվել է գեներալ Սոլեյմանիի կարգադրությամբ:

Սպանվել է նաեւ իրաքյան շիաների «Կատաիբ Հեզբոլլահ» ռազմական խմբավորման ղեկավարը։

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ԱՄՆ-ին սպառնացել է «սարսափելի վրեժխնդրությամբ» և երկրում եռօրյա սուգ է հայտարարել Սոլեյմանիի սպանության համար:

Հունվարի 6-ին Իրանում հրաժեշտ են տվել Ղասեմ Սոլեյմանիին։ Ականատեսների վկայությամբ՝ նման արարողություն երկրում չէր եղել 1989 թվականից ի վեր, երբ հողին էին հանձնել այաթոլա Խոմեյնիին։

Հրաժեշտի արարողությանը մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ։ Հրմշտոցի ժամանակ զոհվել է 50 մարդ, կան նաեւ տասնյակ վիրավորներ։

Տեղեկանք. 1998-ից Ղասեմ Սոլեյմանին գլխավորել է «Ղոդս» հատուկ ստորաբաժանումը, որը զբաղվում է արտասահմանում գաղտնի գործողությունների իրականացմամբ:

Իրանը խոստովանել է, որ «Ղոդս» ստորաբաժանումը մասնակցել է սիրիական հակամարտությանը՝ աջակցություն ցուցաբերելով Բաշար Ասադի ուժերին և զինելով հազարավոր շիա գրոհայինների: Իրաքում այդ ստորաբաժանումն օգնել է շիաների ռազմականացված կազմավորումներին, որոնք պայքարում էին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:

Usanogh.am

Օգտագործվել են CNN-ի, ՏԱՍՍ-ի, Reuters-ի, BBC-ի նյութերը

 

Comments (1)

  1. […] գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին՝ Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված մեծ հավաքի ժամանա… ժամեր առաջ պայթյուններ են […]

Comment here