ԳլխավորԼուր

Ակցիա՝ Կենտրոնական բանկի դիմաց. 2 անձ բերման է ենթարկվել

Կենտրոնական բանկի դիմաց վարկային կազմակերպությունների գործունեության դեմ մայիս 12-ին ակցիա են կազմակերպել մի խումբ քաղաքացիներ։ Ինչպես տեղկացնում է «Արմենպրես»-ը, կազմակերպիչներից ակտիվիստ Մանուել Մանուկյանը նշել է, թե պահանջում են հանդիպում ԿԲ ներկայացուցիչների հետ։

Ոստիկանության աշխատակիցն ակցիայի մասնակիցներին փոխանցել է, որ մեկ անձ կարող է մտնել շենք և հանդիպել ԿԲ ներկայացուցչի հետ, սակայն նրանք հրաժարվել են այդ առաջարկից։ Նրանք պահանջել են, որպեսզի ԿԲ ներկայացուցիչը գա և հանդիպի իրենց հետ։

Մի փոքր անց ոստիկանության ներկայացուցիչը հորդորել է ողջամիտ ժամկետում դադարեցնել ակցիան, քանի որ պարետի որոշմամբ ակցիաներ չեն թույլատվում և պետք է պահպանվի հեռավորություն։

Մանուել Մանուկյանը հակադարձել է, թե իրենք ակցիա չեն իրականացնում, այլ եկել են հանդիպելու ԿԲ ներկայացուցչի հետ։ Նա բարձր կոչերով փորձել է սրել իրավիճակը, որից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիների։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ երկու քաղաքացի բերվել են ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին՝ ՀՀ վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն ավելի ուշ հայտարարություն է տարածել, որով դատապարտել է Կենտրոնական բանկի մուտքի մոտ մայիսի 12-ին կայացած ակցիա իրականացնող անձանց գործողությունները։

«ՀՀ կենտրոնական բանկը խստորեն դատապարտում է քաղաքացի Մանուել Մանուկյանի և իր համախոհների կողմից կազմակերպված, միտումնավոր ուղղորդված գործողությունները և նախազգուշացնում, որ օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական բանկը դիմելու է պատկան մարմիններին՝ քաղաքացու կողմից հակաիրավական և հասարակական կարգի խախտմանը միտված գործողությունների, ինչպես նաև սադրիչ հայտարարությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով: Հարկ ենք համարում ընդգծել, որ Կենտրոնական բանկի կողմից հայտնվել է պատրաստակամություն՝ քաղաքացուն ընդունելու, լսելու իրեն մտահոգող հարցերը՝ անհրաժեշտության դեպքում տալու պարզաբանումներ: Սակայն առաջարկը մերժվել է՝ պահանջելով ԿԲ ներկայացուցչի ներկայությունը փողոցում՝ ինչը նման սադրիչ և անհանդուրժողական վարքագծի դրսևորման պարագայում կարող էր հղի լինել անցանկալի հետևանքներով:

Այսօր քաղաքացի Մանուել Մանուկյանի և իր մի քանի համախոհների կողմից ՀՀ կենտրոնական բանկի մուտքի մոտ իրականացվել է չարտոնված ակցիա, որն ուղեկցվել է քաղաքացու և իր համախոհների կողմից հասարակական կարգուկանոնի և կենտրոնական բանկի բնականոն աշխատանքի խոչընդոտմանը միտված ակնհայտ սադրիչ գործողություններով: Քաղաքացու և իր համախոհների կողմից արդեն քանիցս արվում են սադրիչ, ոչ արժանահավատ տեղեկությունների հիման վրա հայտարարություններ, կոչեր, Կենտրոնական բանկի և ֆինանսական համակարգի աշխատակիցների հասցեին հնչեցվում են վիրավորական արտահայտություններ: Այս ամենի ներքո սույն թվականի մայիսի 11-ին իրենց կողմից կազմված գրավոր դիմումը պատշաճ կերպով ընդունվել է և սահմանված ժամկետում կպատասխանվի: Միևնույն ժամանակ քաղաքացիներին բազմաթիվ անգամ պարզաբանվել է Կենտրոնական բանկի աշխատանքային հատուկ ռեժիմի առանձնահատկությունները և շենքի տարածք մուտք գործելու կանոնակարգումը»,-մասնավորապես նշված է հայտարարությունում։

Comment here