ԳլխավորԼուր

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է ակադեմիական քաղաք ունենալու գաղափարին

Վահրամ Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ակադեմիական քաղաք» ստեղծելու գաղափարի վերաբերյալ հայտարարությանը՝ նշեց, որ բուհական համակարգը պետք է ունենա ժամանակակից կրթությանը համապատասխան պայմաններ:

«Վարչապետը ներկայացրել էր ակադեմիական քաղաք ունենալու գաղափարը: Մեր կառավարությունը հաստատակամ է այս գաղափարն իրագործելու համար: Ակնկալվում է, որպեսզի լինի ակադեմիական քաղաք, որտեղ կլինեն հրաշալի, հարմարավետ պայմաններ՝ բուհական գործընթացը կազմակերպելու համար: Ես կցանկանամ, որպեսզի մեր բուհական համակարգն ունենա բուհական ժամանակակից կրթությանը համապատասխան պայմաններ՝ լսարանային, շենքային, հանրակացարանային, սննդային, սպորտային, գրադարանային, զբոսանքի և այլն: Ուսանողները պետք է կարողանան սովորել ավելի տրամադրող միջավայրում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարարը:

Պատասխանելով գաղափարի իրագործման ժամկետների մասին հարցին՝ Դումանյանն ասաց, որ այն բավականին բարդ է, ինչպես նաև մեծածավալ ծրագիր է:

«Ակադեմիական քաղաք կառուցելու համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ: Միայն շենքերի մի մասի վաճառքից ձևավորված գումարով հնարավոր չէ ստեղծել նման կառույց: Սա մեխանիկական տեղափոխություն չի լինելու, այսինքն չի լինի այնպես, որ Երևանում վաճառենք շենքերը և այլ վայրում կառուցենք»,- ասաց Դումանյանը:

Նրա խոսքով՝ «Ակադեմիական քաղաք» ստեղծելու գաղափարը շատ ծավալուն է: Նախարարը հույս հայտնեց, որ գուցե գա այն օրը, երբ այդ գաղափարն իրագործվի:

Մարտի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ կա գաղափար Երևանի բուհերի շենքերի մեծ մասը հանել վաճառքի և ձևավորված գումարով Երևանից դուրս կառուցել բուհական, ակադեմիական քաղաք։ Ավելի վաղ նա այդ մասին խոսել էր ԿԳՄՍ նախարարությունում։

Comment here