ԳլխավորԼուր

Կանանց միջազգային օրն է. հետաքրքրական փաստեր

Մարտիրոս Սարյան

Այսօր Կանանց միջազգային օրն է։ Usanogh.am-ը շնորհավորում է եւ ներկայացնում օրվա հետ կապված մի քանի հետաքրքրական փաստեր։

1. Դեռեւս Հին Հռոմում կար Կանանց տոն, ճիշտ է, այն ուրիշ օր էր նշվում։ Տղամարդիկ այդ օրը նվերներ էին տալիս իրենց կանանց, իսկ ստրկուհիների համար ոչ աշխատանքային օր էր հայտարարվում։

2. ԽՍՀՄ-ում, որի կազմի մեջ էր մտնում նաեւ Հայաստանը, մարտի 8-ը մտել է տոնական օրերի ցանկում միայն 1966 թվականին։

3. Բազմատեսակ հարցումների արդյունքում պարզվել է, որ աշխարհում մարտի 8-ի ցանկալի նվերների շարքում կանանց 44 տոկոսը նշել է ծաղիկները, իսկ դրանք պատրաստվում է նվիրել տղամարդկանց գրեթե 55 տոկոսը։ Զարդերի դեպքում թվերը բավական տարբեր են. որպես նվեր զարդ է ցանկանում ստանալ կանանց 15-16 տոկոսը, իսկ այն նվիրել պատրաստ է տղամարդկանց 9 տոկոսը։

4. Մարտի 8-ին նախընտրելի ծաղիկներից առաջատարը կակաչն է, քանի որ այն ե′ւ գարնան գալստյան հետ է ասոցացվում, ե′ւ բավական մատչելի է։

5. Մարտի 8-ը պաշտոնապես նշվում է աշխարհի 31 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։

6. Ճապոնիան թեեւ չի նշում Կանանց միջազգային օրը, բայց մարտ ամսին կանացի 2 տոն ունի. մարտի 3-ին նշում են Աղջիկների տոնը, իսկ մարտի 14-ին՝ Ճերմակ օրը, երբ կանայք նվերներ են ստանում իրենց սիրելիներից։

7. Ֆրանսիայում եւ Գերմանիայում, ինչպես նաեւ եվրոպական երկրների մեծ մասում, մարտի 8-ը լայն մասսայականություն չի վայելում եւ սովորական աշխատանքային օր է, որն ավելի շատ համարվում է կանանց իրավունքների համար պայքարի օր։ Այլ բան է Մայրերի օրը, որը նշվում է մայիսին։ Իտալուհիներն այդ օրը նշում են կանացի միջավայրում թեթեւ հավաքույթներով, բայց օրը պաշտոնապես տոն չի համարվում եւ աշխատանքային է։

8. Մարտի 8-ը պաշտոնապես միջազգային ճանաչում է ստացել 1977-ին, երբ Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ այդ օրը հռչակվեց Կանանց միջազգային օր, բայց ոչ թե որպես տոն, այլ որպես իրենց իրավունքների համար կանանց պայքարի օր։

9. Կան կանանց նվիրված եւս մի քանի միջազգային օրեր. հոկտեմբերի 15-ը համարվում է Գյուղացի կանանց միջազգային օր, իսկ նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնությունների վերացման համար պայքարի միջազգային օրն է։ Հարավային Աֆրիկայում պետականորեն Կանանց օր է նշվում օգոստոսի 9-ը։

Նկարը՝ Մարտիրոս Սարյանի

Comments (1)

  1. […] ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորել է Կանանց միջազգային օրվա […]

Comment here