«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի թանգարանում մեկնարկել է «Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը» ներառական ծրագիրը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Շոշափելով մատյանները․ ամենքի Մատենադարանը» թեմատիկ կրթական ծրագիրը նվիրված է ձեռագրաստեղծման արվեստին՝ շոշափելի կրկնօրինակների միջոցով (կաշվե կազմ, եղեգնյա և փետուրե գրիչներ, մագաղաթի նմուշ, վուշե թելեր, կապտալ, միջուկ տախտակ, աստառ, տողաշար)։ Միջնադարի շունչը փոխանցելու նպատակով մասնակիցները կունկնդրեն միջնադարյան երաժշտություն, կշնչեն միջնադարյան անուշահոտ եթերայուղեր։
Ծրագրի թիրախային խումբը տեսողության 1-ին և 2-րդ աստիճանի խանգարում ունեցող 4 տարեկանից բարձր անձինք են: Թանգարանում տեղադրվել են ցուցադրության նմուշների շոշափելի մանրակերտեր: Պատրաստվել են Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության», Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն», Մալաթիայի Ավետարան, Ֆիրդուսի «Շահնամե» ձեռագրերի շոշափելի կրկնօրինակները:
Ծրագրի իրականացման ընթացքում ոլորտի փորձագետները կանցկացնեն խորհրդատվություն՝ ցուցանմուշների և կրթական ծրագրի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։
Ծրագրի բացման արարողությանը ելույթ է ունեցել «Կողք կողքի» ներառական երաժշտական փառատոնի սան Արեգ Գալստյանը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews






