ԳլխավորԼուր

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը

Մայր աթոռ Սուրբ Էջմիածին

Հայ Առաքելական եկեղեցին այս տարի հունիսի 2–ին նշում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը, հայտնում է qahana.am-ը։

Ըստ ավանդության՝ Խոր Վիրապում բանտարկությունից դուրս գալուց հետո Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է տեսնում, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը:

Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սուրբ Էջմիածնի՝ Աստվածածնին նվիրված Կաթողիկե մայր տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաև Տրդատ թագավորը և Աշխեն թագուհին:

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակի օրը: Տոնի օրը մատուցվում է սուրբ Պատարագ։